Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի հետ առճակատումն Ադրբեջանի համար վատ ավարտ կունենա»

Մարտ 31,2022 13:30

Թուրքիան Ադրբեջանին անընդհատ դրդում է 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում

«Ուշ երեկոյան գումարված անվտանգության խորհրդի նիստը փաստում է, որ իրավիճակը բավականաչափ լուրջ է. իրավացի է գնահատականը, որ շատ մեծ խնդիրներ կարող են լինել»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմաբան Գրիգորի Այվազյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությունում ասվում է. «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում սկսելու համար, այդ թվում՝ ՀՀ-ին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ… Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա՝ անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա եւ էթնիկ զտում թույլ չտալու համար»։

Գրիգորի Այվազյանից հետաքրքրվեցինք՝ աշխարհաքաղաքական եւ ներադրբեջանական ո՞ր գործոնները կարող են ազդել Արցախի եւ ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրավիճակի ռազմական սրացման վրա։ Փորձագետը նշեց. «Առաջնահերթ, Թուրքիան Ադրբեջանին անընդհատ դրդում է 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում։ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում, թեեւ նկատում է Ադրբեջանում կատարվողը եւ որոշակիորեն արձագանքում իրավիճակին։ Այնպես չէ, որ ՌԴ ուշադրությունը բոլորովին շեղված է մեր տարածաշրջանից։ Բոլոր կողմերն իրենց համար համապատասխան եզրակացություններ կանեն, որ 2-րդ ճակատը չի բխում տարածաշրջանի եւ ռուսների շահերից։ Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ էլ փորձում են օգտվել հարմար պահից՝ իրենց քաղաքականությունն առաջ տանելու համար. Թուրքիայի նպատակները գաղտնիք չեն՝ նոր օսմանական կայսրության ստեղծում։ Հիշեք Էրդողանի նվեր ստացած քարտեզը, որում ՌԴ տարածքի մեծ մասը թուրքական աշխարհի մեջ էր ներկայացված… Թուրքիան ունի մշտական շահեր, եւ Ադրբեջանը գործիք է։ Ալիեւն էլ փորձում է առավելագույնը ստանալ՝ միաժամանակ ստուգելով մեր դիմադրողականությունը։ Դրանից շատ բան է կախված։ Մենք կկարողանա՞նք արժանապատիվ պատասխան տալ։ Ռուսաստանը մեզ չի օգնելու, այլ ինքն իրեն։ Դա ՌԴ շահերից է բխում, բայց այնպես չէ, որ Ռուսաստանը պետք է կռվի մեր փոխարեն։ Խաղաղության օրակարգը միայն մեզանից չի կախված, այլեւ դիմացինից, իսկ Ադրբեջանը կառուցողականություն չունի։ Ոչ առաջ ենք տեսել, ոչ էլ հիմա ենք տեսնում»։
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի հետ առճակատման գնալ, ինչն Ադրբեջանի համար վատ ավարտ կունենա. «Ուկրաինան՝ վառ օրինակ։ Կարող է պատահել այնպես, որ Ռուսաստանն Ադրբեջանին պարտադրի դելիմիտացիա եւ դեմարկացիա, եւ ունենանք Լեզգիստանի ժողովրդավարական հանրապետություն, Թալիշստանի եւ Արցախի հանրապետություններ, եթե Ադրբեջանը նույն ուղղությամբ շարունակի աշխատել»։ Նկատառմանն ի պատասխան, որ կարճ ժամանակ առաջ ՌԴ-ն ու Ադրբեջանը դաշնակցային համաձայնագիր են ստորագրել, մեր զրուցակիցըը շեշտեց. «Նրանք գործընկերներ չեն, դա ժամանակավոր կնքված պայմանագիր է, որպեսզի Հարավային Կովկասն ապահովագրվի սադրանքներից, սակայն ակնհայտ է, որ դա չազդեց Ադրբեջանի վրա եւ նա փորձում է գնալ նոր արկածախնդրության։ ՌԴ-ն համապատասխան դիրքորոշում կունենա կարծում եմ։ Անգամ ռուսական ԶԼՄ-ները, որոնք պատերազմի ժամանակ փորձում էին թվացյալ չեզոքություն պահպանել, հիմա բացահայտ ասում են, որ Ադրբեջանը դանակ է խրում ՌԴ-ի մեջքին, երբ վերջինս կարեւոր հարցով է զբաղված։ ՌԴ-ում նաեւ նկատում են, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից զենք են մատակարարում Ուկրաինային՝ մարդասիրական օգնության ներքո։ Ադրբեջանը նաեւ խոստացել է Եվրոպային նավթ ու գազ մատակարարել, ինչը ՌԴ-ի համար խիստ ցանկալի չէ։ Ռուսաստանի շահերից է բխում կամ տիրանալն Ադրբեջանի նավթագազային պաշարներին, կամ ոչնչացնել՝ որպես հակառակորդ։ Այնպես որ, իրավիճակը ՌԴ շահերից է բխում»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Արցախի Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում. շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը եւ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031