Նորվեգիայում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում 7 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի նշանառուներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին աննախադեպ այս հաջողության համար անցած դժվար ճանապարհի, հաղթանակի բերկրանքի եւ ապագա ծրագրերի մասին: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը նշեց, որ իր սաների հաջողություններն անակնկալ չէին, սակայն մեդալների այսպիսի քանակի ու որակի չէին սպասում:
Մարզիչը հույս հայտնեց, որ այս նվաճումներից հետո Հայաստանում մարզաձեւով զբաղվել ցանկացողների քանակը կավելանա, իսկ պետությունը վերջապես իրական լուրջ ուշադրություն կսկսի դարձնել մարզաձեւի վրա: Մասնագետի խոսքով, հրաձիգները մարզվում են խիստ անհարմար պայմաններում, չկան նորմալ կահավորված մասնագիտական մարզադպրոցներ, հրաձգարաններ, լուրջ խնդիրների առաջ են կանգնում ժամանակակից զենքի, սարքավորումների եւ փամփուշտի հարցերում:
Պարոն Նիկողոսյանը գիտակցում է, որ այս արդյունքները որքան ուրախացնող են, նույնքան էլ պարտավորեցնող, որ սրանից հետո պահանջները բարձր են լինելու: Սակայն նաեւ հավատում է, որ պետական ուշադրության եւ մասնավոր հատվածի ներգրավվածության մեծացումը կնպաստեն խնդիրների լուծմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ