«Չեմ կարծում, որ մենք այսօր կարող ենք ասել, որ ընտրությունների մասով Ձեր ասած բաստիոնն ենք: Իհարկե, ոչ»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկումներին:
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ 1990 թվականից սկսած ընտրական համակարգում եղել են այլասերումներ: Այս առիթով ՔՊ-ական պատգամավորը շարունակեց. «Թե ինչ է կատարվել այդ տարիներին, բոլորը գիտեն: Աստիճանաբար ընտրությունների կեղծման համակարգը կատարելագործվում էր: Բռնի, կոպիտ ձևերից՝ լցոնում, լույս անջատել, ծեծել, եկավ, հասավ նրան, որ չասեմ՝ ով, կենթադրեք, ցուցում տրվեց՝ ինչ ուզում եք, արեք, միայն տեղամասերում խախտում չտեսնենք: Դա վերաբերում է արդեն 2017-ի ընտրություններին»:
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ ՀՀ-ում իշխանության վերարտադրման գլխավոր պատճառներից էր փողը: Նա մանրամասնեց. «ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվում էր: Իշխանությունը վերածվել էր «չենջի», որտեղ փողը վերածվում էր իշխանության, ձեռքբերված իշխանությունը վերածվում էր ավելի մեծ փողի, հետո ավելի մեծ փող, ավելի մեծ իշխանություն: Այդ վարակը տարածվեց մինչև գյուղապետարաններ: Դրա համար հեղափոխություն անունը մեջտեղ եկավ, ասացինք՝ հերիք է թալանեք ժողովրդին, իշխանությունը դիտեք՝ որպես հարստանալու տեղ: Այդ պատճառով էր, որ քաղաքական պայքարը արմատավորվեց, ոչ թե մրցակցությունը»:
Վիգեն Խաչատրյանը հիշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանին ու ասաց. «Նախագահական ընտրությունների թեկնածու Արտաշես Գեղամյանը հարցազրույցում ասում է՝ ընտրակեղծարարության գրոսմայստերը Ռոբերտ Սեդրակովիչն է, իրականացնողը՝ Սերժ Ազատիչը: Եվ Արտաշես Գեղամյանն անկեղծ էր: Գրոսմայստերական մակարդակի էր հասել այդ զույգը բոլոր ոլորտներում»:
Կարդացեք նաև
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ եկավ 2018-ը, որոշեցինք դրանից ձերբազատվել այդ խնդիրներից, որպեսզի ընտրություններն արդար լինեն: Այնուհետև, դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ասաց. «Դրանից հետո սաղ դարձան հրեշտա՞կ: Ոչ: Իշխանությունը փորձելու է վերարտադրվել, մեր խնդիրն է՝ ո՞նց անենք, որ մաքրվի: Այդտեղ Դուք լուրջ անելիք ունեք»:
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ համապետական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը վատ օրինակ է ծառայել. «Նորից տեսանք փողի մասնակցությունը ընտրություններին: Այդ մասնավոր կարծիքն ունեմ: Փողն էր նորից աշխատում, փողն էր մեջտեղ բերվել ճկուն ձևով, շտաբների թիվն էր շատ: Ոչ մեկ չխորացավ՝ այդ ծախսերը համապատասխանո՞ւմ են գրվածներին: Վահե Հակոբյանը հայտարարեց՝ իմ ջեբի փողերն եմ ծախսել ընտրություններում: Բա սա հանցագործություն չէ՞, պարոն Վարդևանյան: Ո՞ւմ է թույլատրված ջեբի փողերը ծախսել ընտրություններում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ