Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում երիտասարդները 240 հազարով նվազել են, մինչեւ 2050 թվականն էլ տարածաշրջանում կաճի միայն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի բնակչությունը. Աննա Հովհաննիսյան

Մարտ 30,2022 19:44

Հայաստանի  ժողովրդագրական ամենալուրջ  մարտահրավերը արտագաղթն է, եւ  հատկապես երիտասարդների թվի նվազումը։ Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում 240 հազարով երիտասարդների թիվը նվազել է: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, որը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները: Նրա խոսքով, ցուցանիշները խիստ մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ երիտասարդները ապագա աշխատանքային տարիք մտնողներն են. «Մեր երկրում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը շատ բարձր է. աղջիկների դեպքում՝ 34,5 տոկոս է, տղաների շրջանում գրեթե 27 տոկոս:

Բացի այդ աշխարհում գոյություն ունի նաեւ մեկ այլ ցուցանիշ՝ NEET: Այսինքն՝ սա այն երիտասարդների տեսակարար կշիռն է, որոնք ո՛չ կրթություն են ստանում, ո՛չ զբաղված են, ո՛չ էլ ներառված են որեւէ կրթական ծրագրերում։ Այսինքն՝ ոչնչով չեն զբաղվում: Եվ Հայաստանն այս ցուցանիշով ամենաբարձրն է ամբողջ աշխարհում»,- ասաց Աննա Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի խոսքով, 2010թ-ին արված կանխատեսումների համաձայն 2021 թվականին ՀՀ-ում գրանցվել է երիտասարդների թվի ամենացածր թվաքանակը։ Տղաների վերաբերյալ կանխատեսումը եղել է 14 հազար 671 տղա: Համեմատության համար նշենք, որ 2007-2008 թվականներին տղաների թիվը մեր երկրում եղել է 33 հազար 706 տղա:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ ավելի շատ երիտասարդնե՞րն են արտագաղթում, թե ծնելիության անկմամբ է պայմանավորված նրանց թվի նվազումը, Աննա Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ արտագաղթի ցուցանիշները չեն ներկայացվում տարիքային կազմով, սակայն, հաշվի առնելով այն միտումը, որ ամբողջ աշխարհում արտագաղթում են երիտասարդները եւ աշխատունակ բնակչությունը, կարելի է ենթադրել, որ երկու գործոններն էլ նպաստել են երիտասարդների թվի կրճատմանը:

Թե նվազող բնակչությունը երկրին ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնեցնում, Աննա Հովհաննիսյանը  պարզաբանում է՝ մեկ շնչին ընկնող ծախսերի ավելացում՝ հատկապես գյուղական վայրերում, ապագա տնտեսական աճի հնարավորության նվազում, բնակչության ծերացում՝ իր հետեւանքներով, ազգային անվտանգության խնդիր:

Անդրադառնալով ծնելիությանը. Աննա Հովհաննիսյանն ասաց, որ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրում գրանցվել է 36 հազար 600 ծնունդ: Ծնելիության ամենացածր ցուցանիշը եղել է 2001-2002 թվականներին: Այսինքն, ըստ տիկին Հովհաննիսյանի, այդ տարեթվին ծնվածները հիմա զորակոչային տարիքում են, հետեւաբար նրանց թվաքանակն էլ նվազ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրի քաղաքներում ավելի շատ են երեխաներ ծնվում քան՝ գյուղական բնակավայրերում: Ինչը, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի խոսքով, խոսում է մեր երկրի գյուղերի թույլ զարգացած լինելով:

Միակ բարելաված ցուցանիշը աղջիկ-տղա սեռերի հարաբերակցության փոփոխությունն է: 2001 թվականին 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա, ինչը, հիմնականում պայմանավորված էր, սեռով պայմանավորված հղիության ընդհատմամբ: Ներկայում 100 աղջկա դիմաց ծնվում է 109 տղա, ինչը Աննա Հովհաննիսյանի ներկայացմամբ, ընդունելի ցուցանիշ է, սակայն բնականը պետք է լինի 100-106-ը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների 2027 եւ 2028 թվականներին Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդրի առաջ է կանգնելու, քանի որ, ըստ Աննա Հովհաննիսյանի, հայրերի եւ մայրերի խումբը փոքրանալու է: Մեկ այլ կանխատեսման համաձայն էլ, մեր երկրում 2050 թվականին մայրանալու միջին տարիքը կլինի 29,9 տարեկանը:

2020 թվականի համեմատությամբ, ամուսնությունների բարձր ցուցանիշ՝ 40 տոկոսով աճ է գրանցվել 2021 թվականին: Ամուսնալուծությունների էլ՝ 30 տոկոս աճ: Ըստ Աննա Հովհաննիսյանի, երկու դեպքում էլ աճը պայմանավորված է հետքովիդյան ու պատերազմական իրավիճակով, եւ դրանք հետաձգված ամուսնություններ ու ամուսնալուծություններ են:


Մեկ այլ ցուցանիշի համաձայն էլ, 2020 թվականին մահերի բացարձակ թիվը 10 հազարով աճել է՝ կազմելով 36 հազար 170, ինչն արտացոլում է նաեւ քովիդի եւ պատերազմի արդյունքում եղած մահերը:

Աննա Հովհաննիսյանի խոսքով, 2020 թվականին բացառությամբ Երեւանի եւ Գեղարքունիքի, մնացած բոլոր մարզերում մահերը գերազանցել են ծնունդները, իսկ Լոռու մարզում մահացության ցուցանիշն ամենաբարձրն է եղել:

Ժողովրդագրական այս տեմպերը շարունակվելու դեպքում ՄԱԿ-ը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանում 5 բնակչից մեկը լինելու է 65 տարեկանից բարձր, իսկ 2050 թվականին 3 բնակչից մեկն է լինելու տարեց:

«2026 թվականից հետո մենք տեսնում ենք, որ կախյալության գործակիցը՝ տարեցների եւ երեխաների տեսակարար կշիռն է աշխատունակ տարիքի բնակչության մեջ։ Այսինքն՝ աշխատունակ տարիքի մեկ բնակիչ քանի երեխայի եւ տարեցի մասին է հոգ տանում։ Այսինքն նրա տնտեսական բեռը ինչքան է։ Եվ հիմա մեզ մոտ այդ կախյալության գործակիցն ավելի ցածր է»,- Աննա Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է միգրացիայի ցուցանիշներին, ապա 2001-ից այս կողմ միայն 2020 թվականին է գրանցվել դրական դինամիկա, ինչը, ըստ Աննա Հովհաննիսյանի, պայմանավորված էր փակ սահմաններով: 2021-ին արդեն ցուցանիշը բացասական է՝ -4,2 հազար մարդ գնացել, չի վերադարձել:

Մեկ այլ ուշագրավ կանխատեսման համաձայն էլ, 2021 թվականի համեմատությամբ 2050 թվականին տարածաշրջանի երկրներից միայն Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի բնակչությունն է ավելանալու: Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բնակչությունը նվազելու է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031