Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացրեք՝ ինչպիսի պետություն եւ պետականություն է եղել կառուցված, որ նպատակային 4 տարի քանդես ու դեռ էլի քանդելու բան լինի». Արտակ Զաքարյան

Մարտ 30,2022 19:22

«Իր բոլոր թերություններով հանդերձ՝ պատկերացրեք ինչպիսի պետություն եւ պետականություն է եղել կառուցված, որ նպատակային 4 տարի քանդես ու դեռ էլի քանդելու բան լինի: Քանդես նրա արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, հասարակական համերաշխությունը ու քանդես ոչ թե ռուսներին,  վրացիներին հարմար ձեւով, այլ՝ թուրքերի ու ադրբեջանցիների ձեւով, այսինքն, քանդես այնպես, որ իրենք շահած դուրս գան: Սա է այս իշխանությունների տեսակը»,- այսօր Արցախի հարցով «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա, մարդկանց մի մասը քննարկում է՝ «ի վերջո Նիկոլը դավաճան է, թե՞ տգետ քաղաքական գործիչ. «Հանգում են նրան, որ մեկը մյուսին չի բացառում»:

Փառուխի դեպքերին անդրադառնալով՝ Զաքարյանն ասաց. «Ադրբեջանցիները ռուսներից նեղանում են, թե ինչի եք օգտագործում Լեռնային Ղարաբաղ հասկացությունը, նման տարածք չկա, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ 4 տեղ օգտագործված է Լեռնային Ղարաբաղ հասկացությունը ու դրա տակ Ալիեւի ստորագրությունը կա: Երկրորդը՝ խոսում են, թե ինչու են ՀՀ զինված ուժերը այնտեղ, իբրեւ թե պայմանագրով պիտի չլինեին: Իրականում որեւէ կետ անգամ չկա, որ Արցախը չի կարող կազմակերպել իր ինքնապաշտպանական ուժերը, թե ինչ տեսքով կլինի՝ դա իր խնդիրն է: Ադրբեջանը, ըստ էության ցույց տվեց, թե որտեղ է իր խնդիրը, իր խնդիրը քաղաքական է: Խաղաղության օրակարգ ասվածը, երբ կապիտուլյանտները ասում են, չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ զարմանաս սրանց տգիտության, հավկուրության վրա: Ո՞ւմ հետ են խաղաղություն ստորագրելու, երբ Զաքիր Հասանովը արդեն նոր սպառազինությունների կիրառման եւ բարձրաստիճան մարտական պատրաստության հանձնարարություններ է ստորագրում»:

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, Բաքուն եւ Անկարան փորձում են հասկանալ՝ ՌԴ-ի համար որքանո՞վ է հավանական ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ այլ ճակատներ սպասարկել. «Բաքուն փորձում է շահարկել 2025-ին լրացող խաղաղապահ մանդատի առաջին ժամկետը: Եթե կողմերից մեկը չի առարկում, երկարաձգվում է ժամկետը: Կա 3,5 տարի, եթե Ադրբեջանը նման վերաբերմունք է ցուցադրում, դա նշանակում է, մինչեւ 2025-ի մարտ նմանատիպ ինչպիսի՞ զարգացումներ են լինելու. կա՛մ ադրբեջանցիները Մոսկվայի հետ փորձելու են պայմանավորվել՝ խաղաղապահ առաքելության մանդատը երկարացնելու հարցում, դիմացը բնականաբար այլ բան են ուզելու, կա՛մ պահանջելու են խաղաղարար առաքելության դադարեցում: Ի՞նչ է անում ՀՀ իշխանություններն այս ամբողջ զարգացման ընթացքում՝ թիթեռ են նկարում»:

Զաքարյանը համոզված է, որ ՀՀ-ի նման կրավորական կեցվածքը, թե՝ ռուս խաղաղապահների պահվածքն ենք ուզում հասկանալ, անհասկանալի է, ոչնչով չի տարբերվում Վենեսուելայի պահվածքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031