ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Գյումրի
Մարտի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի:
Այցը մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանդիպմամբ, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունեցել մի շարք հրատապ խնդիրների շուրջ։
Շիրակի մարզպետ տիկին Բաղդասարյանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ուրույն ավանդը կունենա հաստատության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում։
Կարդացեք նաև
Պաշտպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հյուրընկալելու համար և հույս հատնել, որ մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև համագործակցությունն արդյունավետ կլինի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, առանձնացվել են Շիրակի մարզում առկա մարդու իրավունքներին առնչվող խնդրահարույց թեմաները, ուղենշվել հնարավոր անելիքները: Քննարկման առանցքում է եղել Շիրակի մարզից ադրբեջանական գերության մեջ գտնվող թվով 30 գերեվարված անձանց հայրենադարձման հրատապությունը:
«Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին Ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- ասել է մարզպետը:
Այս համատեքստում Պաշտպանը նշել է. «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում Ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»:
Այնուհետև Պաշտպան Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված Շիրակի մարզի մեր հայրենակիցների ծնողների և հարազատների հետ: Պաշտպանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ է իրականացնում հաստատությունը՝ միտված ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձմանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է գերեվարված անձանց հարազատներին հուզող հարցերին: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել կրկին հանդիպելու վերաբերյալ։
Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը և Շիրակի մարզպետը նաև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մանրամասն ծանոթացել է կենտրոնի պայմաններին, կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:
Այցի վերջում Պաշտպանն այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին։
ՄԻՊ հանրային կապերի բաժին