«Այն, ինչ կատարվում է Արցախում, իմ աչքով եմ տեսել, մի քանի օր առաջ Խրամորթում էի, տեսել ենք, թե ինչպես են ռուս խաղաղապահներն իրականացնում իրենց գործառույթները: Նրանց մանդատում որեւէ այլ իրավունք չկա, քան պահել խաղաղությունը, այսինքն, ինքը չի կարող ուղիղ կրակել ադրբեջանցու ուղղությամբ: Դա որպես զենք են փորձում այսօր օգտագործել ռուս խաղաղապահների դեմ դեպի արեւմուտք թեքված ուժերը, որոնք սնկի պես աճում են»,- այսօր Արցախի հարցի թեմայով «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ ինչո՞ւ չեն կրակում ռուս խաղաղապահները. «Անդրանիկ Քոչարյան, մեկը հարցնող լինի՝ բա դո՞ւք ուր եք, ձեր ՊՆ-ն ո՞ւր է, ձեր իշխանությունն ո՞ւր է: Անընդհատ պարտադրում են քննել ռուս խաղաղապահների գործունեությունը»:
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ եթե խաղաղությունը այնտեղ չի պահվում, ռուս խաղաղապահի մեղավորությունը չէ, երկու պետությունների՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունն է, որ հետամուտ չեն լինում պայմանավորվածությունը պահելու. «Այն իշխանական ուժերը, որոնք պահանջում են այստեղ բերել այլ միջազգային երկրի խաղաղապահների, իշխանության հետ միասին կատարում են Ադրբեջանի ծրագիրը, այսինքն՝ վերացնել, վերջ դնել Արցախին: Մարդիկ կամ պիտի հասցնեն լքել տարածքը, կամ Աստված գիտենք, թե ինչ կկատարվի: ՀՀ իշխանությունը, փոխանակ օգտագործի իր դիվանագիտական մանդատները, դրա փոխարեն ինչ-որ կոչերով է հանդես գալիս: Կոչ են անում հիմնականում ռուս խաղաղապահներին: Այսօր եթե արցախցին կարողանում է դեռեւս քայլել Արցախի այդ փոքրիկ պատառիկի վրա, դա միանշանակ ռուս խաղաղապահների գործոնով է պայմանավորված: Մենք որեւէ այլ տարբերակ չունենք ապրելու, որեւէ մեկը, ով կասկածում է՝ սպասարկում է թուրքերի ու ադրբեջանցիների շահերը»:
Կարդացեք նաև
Ըստ Մետաքսե Հակոբյանի, ՀՀ իշխանությունները, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, ձեռքերը լվացել են ընդհանրապես Արցախից, իսկ Արցախի իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ՝ չհասկանալով, թե ընդհանրապես ինչ պետք է անել. «ՀՀ իշխանություններից պետք է պահանջել, որ ոչ թե իրենք իրենց խոսեն, այլ իրենք դառնան Արցախի խոսափողը, ինչպես դա եղել է մինչեւ 2018-ը: Պետք է օգտագործել ողջ ներուժը, հիմա ժամանակը չի մտածելու՝ ես սպիտակ եմ, դու սեւ ես, օրհասական է վիճակը…Ինչ են անում հիմա ՀՀ իշխանությունները՝ քաջալերում են հակառուսական տրամադրությունները՝ փաստելով, թե գազի մատակարարման վերականգնումը ռուս խաղաղապահների գործառույթների տիրույթում է: Իրենք ի՞նչ պետք է անեին, գնային զենքով ադրբեջանցիներից պահանջեին, որ միացնեի՞ն գազատարը, սա անհեթեթություն է»:
Որպես լուծում՝ նա առաջարկեց. «Պետք է հասնել նրան, որ Արցախի իշխանությունները ուղիղ կապի մեջ լինեն ՌԴ-ի հետ: Արցախի հանրապետության ճանաչումն ամենակարեւորն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ