«Պատերազմից հետո հայկական աշխարհի փլուզումը սրընթաց է։ Ոչ ոք չի ուզում պարտության շուրջ միավորվել։ Պատերազմից հետո վերականգնվելու համար հայրենիքը պետք է համահայկական օրակարգի ձեւավորում առաջարկեր, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արել»,-«Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո համահայկական օրակարգի ձեւավորում պետք է իրականացներ եւ պարտավոր էր իրականացնել ընդդիմությունը․ «Այն ուժը, որը պետք է գար իշխանության, սակայն, ցավոք, այդ ուժը չտեսավ այդ գաղափարի կարեւորությունը, իր մեջ չգտավ դրանով հանդես գալը որպես պարտավորություն, առաքելություն»։
Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ ներկայում ՌԴ-ում ապրող հայերը ռուսական քարոզչության ազդեցության տակ են, ԱՄՆ-ում ապրողները՝ ամերիկյան, եւ ուկրաինական ճգնաժամն իր հերթին բարիկադավորում է առաջացնում հայության շրջանում․ «Անգամ Հայաստանում եւ Արցախում ապրողներն են տարբեր մտածում։ Այն մարդկանց խումբը, դաշինքները, որոնք համահայկական նոր օրակարգի քննարկման եւ ձեւավորման առաքելությունը կունենան, նրանք են դառնալու Հայաստանի հաջորդ իշխանությունը եւ հայկական աշխարհի առանցքը»։
Կարդացեք նաև
Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ-ն ու Արցախը փրկելու միակ մնացած ռեսուրսը հայաստանակենտրոն հայկական աշխարհի գաղափարն է, այլապես աշխարհաքաղաքական իրավիճակի հանդարտեցումից հետո կարող ենք կորցնել Արցախը․ «Դա պետք է անի իշխանությունը, բայց չի անում ու չի անի։ Երեկ եւ այսօր պետք է աներ եւ պետք է անի ընդդիմությունը, բայց ընդդիմությունն այս ձեւաչափով չունի կոնսոլիդացնող ռեսուրս։ Գուցե այն կարող է անել եկեղեցին, բայց, ցավոք, գործիքակազմը բավարար չէ։ Մեզ չհաջողվեց ազգային և պետական էլիտաներ ձեւավորել, որոնք վեր կլինեն իշխանությունից, կլանային շահերից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ