Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը նորից թիրախավորում է զոհերի մայրերին՝ ասելով, որ եթե իրենք չեն ցնծում, չեն ուրախանում, ՀՀ-ն ու Արցախը դատապարտված են». Արցախի պատգամավոր

Մարտ 30,2022 17:39

Ադրբեջանը վերջնագրեր է ներկայացնում, իրավիճակը Արցախում ծանր է: Այսօր այս թեմայով «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն քննարկում էր կազմակերպել:

ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջին անգամ ՊՆ նախարարին տեսել են Վեդիում՝ ընտրություններին պատրաստվելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը փոխանցեց մի քանի հոռետեսական «մեսիջներ»՝ իրավիճակը ծայրահեղ ծանր է, մենք ոչինչ չեք կարող անել, պատասխանատուն ռուս խաղաղապահներն են:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ հիմա արդեն Արցախում հիբրիդային պատերազմ է. «Օգտագործում են ճնշման տարբեր մեթոդներ, շփման գծի սադրանքներ, ունենք զոհեր, բազմաթիվ վիրավորներ, գյուղատնտեսական աշխատանքների բացարձակ արգելք է: Վերջերս նաեւ գազի անջատումն էր, ճիշտ է, վերականգնվեց, բայց ցնծություն չեղավ, դա ուղղակի ապրելու պահանջն է»:

Նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի փաստաթղթին. «ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը 2020-ի նոյեմբերի 9-ին պայմանավորվեցին որոշ կետեր պահել, բոլորս հասկանում էինք, որ դա հարցի լուծում չի, քաղաքական լուծում պետք է ունենանք: Ադրբեջանը այս մեկ ու կես տարվա ընթացքում գեթ մեկ օր չկա, որ չխախտի պայմանավորվածությունը: Գերիների վերադարձման կետը չկատարվեց, մյուս կետը, որ շփման գծի երկայնքով պիտի խախտում չլիներ, մենք ամեն օր արձանագրում ենք, որ կա, իսկ հրադադարի խախտում էլ պիտի չլիներ, բացահայտ լկտի կերպով խախտում է Ադրբեջանը … Մենք Ադրբեջանին ճանաչում ենք, չենք լարվում, առ այսօր զարմանում ենք ՀՀ իշխանությունների պահվածքից, որովհետեւ որեւէ կերպ չհակադարձեցին դրան, չբարձրաձայնեցին, որ ՀՀ-ն բոլոր կետերը կատարում է, ՌԴ-ն, որպես միջնորդ կողմ, ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները, Ադրբեջանը որեւէ կերպ չի կատարում իր պայմանավորվածությունը: Այս ֆոնի վրա ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունները փորձում են մոլորեցնել իրենց տեղեկատվական տեռորով: ՀՀ վարչապետի կինը որ միջոցառում էր կազմակերպել, որպես թիրախ նորից մեր զոհվածների մայրերն են: Տարիներ առաջ այդ տիկինը հայտարարեց, որ մեր զոհերը նահատակվել են հանուն ոչնչի, այսօր այդ նույն տիկինը նորից թիրախավորում է այդ մայրերին՝ ասելով, որ Հայաստանի ապագան կախված է իրենց ցնծալ-ուրախանալուց, եթե իրենք չեն ցնծում, չեն ուրախանում, ՀՀ-ն ու Արցախը դատապարտված են, այսինքն, ստացվում է, հիմա այս վիճակում ենք, որովհետեւ մեր զոհերի մայրերը չեն ցնծում, չեն ուրախանում: Ինքը իրականում նորից հանրությանը շեղեց իրական խնդիրներից, որը մենք այսօր ունենք ու տեղափոխեց, որ մարդիկ քարկոծեն այդ մայրերին»:

Նա ասաց, որ պատերազմը չի ավարտվել ու այս իշխանությունները կեղծ օրակարգեր են մտցնում մեր հասարակության ուղեղը՝ այն տեխնոլոգիաների միջոցով, որոնց շատ լավ տիրապետում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031