Լրահոս
Օրվա լրահոսը

Նորընտիր ՄԻՊ-ը Գյումրիում էր․ նա հանդիպեց գերիների հարազատների հետ

Մարտ 30,2022 17:21

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ այցելել էր Գյումրի՝ հանդիպելու Շիրակի մարզի գերիների հարազատների հետ։ Հանդիպումը բնականաբար փակ էր։

ՄԻՊ-ը նախքան գերիների հարազատներին հանդիպելը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Երևանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ մշտական կապի մեջ է գտնվում, իրեն հավաստիացրել են, որ պարբերաբար անխոչընդոտ այցելում են Բաքվում պահվող մեր ռազմագերիներին։

«Ես ծնողների հետ այսօր հանդիպման ժամանակ միանշանակ կարող եմ ասել՝ եթե կա անհրաժեշտություն, ահագնացող ինչ-որ բան, մենք կփորձենք Կարմիր Խաչի միջոցով ապահովել կապը։ Մեր նպատակն է, որ հարազատները մինչ վերադարձը ունենան տեղեկատվություն և իրազեկված լինեն իրենց որդու, ամուսնու, զավակի ճակատագրի, ողջության և կյանքի պայմանների մասին»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Նա նշեց, որ դատապարտող հայտարարություններն, ուղերձներն ուղարկում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իր բոլոր կոլեգաներին, սակայն բավարարված չէ արձագանքի ինտեսիվությունից կամ դրա հասցեականությունից։ Ըստ նրա, չնայած դրան՝ չպիտի դադարեցնել ջանքերը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ ասաց․ «Թեև Շիրակի մարզից գերեվարված 62 գերիներից 32-ը վերադարձել են, բայց ցավոք պիտի արձանագրենք, որ գործընթացից ավելի մեծ ակնկալիք ու սպասում կա հարազատների մոտ, որը բնական է»։

Մարզպետն ասաց, որ շարունակում են նրանց խնդիրներով մտահոգվել՝ առաջ քաշելով մի շարք սոցիալական հարցեր, կան ընտանիքներ, որոնք կերակրողի բացակայություն ունեն, կառավարությունը շարունակելու է սոցիալական աջակցության գործող ծրագիրն՝ գտնվելու վայրը ոչ հայտնի, նաև գերեվարված անձանց հարազատներին համար։

«Այս հարցը շատ շահարկվում է, ուզում եմ նշել, որ հատկապես Խծաբերդի 30 գերեվարվածների պարագայում Քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության համաձայն, Խծաբերդի գերիները քրգործով ունեն տուժողի կարգավիճակ»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

 

Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակը ստորաբաժանում ունի Շիրակի մարզում, ինքը՝ որպես նորընտիր պաշտպան, մտադիր է պաշտպանի հաստատության մարզային ներկայացվածությունը զարգացնել, որովհետև կարևոր է տեղի խնդիրները բարձրաձայնելը, բնակչության հետ չընդհատվող կապ ունենալը և հրատապ արձագանքման համար տեղում հասանելիությունը։

«Այցի հիմնական նպատակը Խծաբերդից գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքների, հարազատների հետ հանդիպումն է, որի ընթացքում ուզում եմ առիթն օգտագործել իրենց կողմից բարձրացվող խնդիրները լսելու։

Մեծ հաշվով, մենք գիտենք՝ ինչի մասին է խոսքը, բայց ուզում եմ այս առիթն օգտագործել ներկայացնելու համար պաշտպանի հաստատությունը ինչ աշխատանք է կատարում ռազմագերիների վերադարձի ու պահվող քաղաքացիական անձի հայրենադարձման նպատակին հասնելու համար»։

ՄԻՊ-ն ասաց, որ գերիների ընտանիքների հետ անընդհատ կապի մեջ են գտնվում, հավաքված փաստերն անընդհատ ներկայացնում են միջազգային կազմակերպություններին ու հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Ըստ Քրիստինե Գրիգորյանի, իր համար կարևոր է ընտանիքներին հանդիպելն ու հավաստիացնելը, որ ՄԻՊ-ի գրասենյակն ամեն օր աշխատանք է տանում այս ուղղությամբ։

Մեր հարցին՝ հույս կա՞ գերիների նոր խմբի վերադարձի, ՄԻՊ-ը նշեց, որ այդ հույսը միշտ կա ու մեր իրավական հիմքերը բավարար են, ամուր են ու անդադար աշխատելով՝ պիտի հասնեն դրան։ Ըստ նրա պիտի օգտագործեն թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական միջոցները։

Քրիստինե Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031