Լրահոս
Օրվա լրահոսը

«160 սմ-ից ցածր հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, և Ձեր՝ բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող». Պարեկային ծառայության պետ

Մարտ 30,2022 17:07

«Այնպես չէ, որ չենք պայքարում, պայքարը շարունակվում է 24 ժամ»,-հարցին՝ ե՞րբ եք պայքարելու վերասարքավորված լուսարձակների դեմ, քանի որ մութ ժամերին անհնար է մեքենա վարելը, անձրևի ժամանակ էլ ջուրն արտացոլում է լույսերն ու կուրացնում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը: Նա վստահեցրեց՝ պայքարում են ոչ միայն լուսարձակների հետ կապված, այլև ավտոմեքենաների վերասարքավորման խնդիրների դեմ:

Հարցերից շատերը վերաբերում էին, թե ինչպե՞ս կարող են աշխատանքի անցնել պարեկային ծառայությունում: Օրինակ՝ օգտատերերից մեկը հետաքրքրվեց՝ թաղային ոստիկանը կարո՞ղ է տեղափոխվել պարեկային ծառայություն, եթե 35 տարին լրացած է, Արթուր Ումրշատյանը պատասխանեց. «Ոստիկանության ծառայությունից պարեկային ծառայության կարող են դիմել այն դեպքում, երբ պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողն առնվազն մեկ տարի աշխատում է այդ պաշտոնում»:

Մեկ այլ օգտատեր էլ հարցրեց՝ պահեստազորի սպան կարո՞ղ է դիմել և կոչումին համապատասխան նշանակվել ծառայության պարեկային ծառայությունում, Պարեկային ծառայության պետը պատասխանեց. «Պարեկային ծառայության նշանակման համար հստակ ընթացակարգ է սահմանված: Այստեղ կոչումները համապատասխանում են նշանակված կոնկրետ պաշտոնի: Իսկ կոչում ստանալը կախված է ուսանողի առաջադիմությունից»:

Մյուս հարցին՝ եթե դիմորդն ընդունվել ու բարեհաջող ավարտել է պարեկային ծառայության հնգամսյա դասընթացը, կարո՞ղ է ընդունվել ոստիկանության քոլեջ կամ ակադեմիա, Արթուր Ումրշատյանը պատասխանեց. «Պարեկային ծառայողն այս առումով որևէ սահմանափակում չունի: Այո, կարող է, և այս ուղղությամբ մեր պարեկային ծառայության ծառայողները կարող են կրթությունը շարունակել ոչ միայն ոստիկանության կրթահամալիրում, այլև նախատեսված կարգով յուրաքանչյուր բուհում»:

Արթուր Ումրշատյանը նաև հայտնեց, որ պարեկային ծառայողը դասընթացի ավարտից հետո անցնում է ծառայության այնտեղ, որտեղի համար դիմել էր:

Պարեկային ծառայության պետն ի պատասխան հարցերի նաև վստահեցրեց՝ դպրոցների մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում սեպտեմբերին, իսկ առօրյա ծառայության ժամանակ երեխաների՝ դպրոց մուտքի և տուն գնալու ժամերին պարեկային խմբերին հրահանգում են, որ լինեն դպրոցների մոտ և իրականացնեն ծառայություն:

Օգտատերերից մեկն էլ գրել էր, որ իր հասակը 160 սմ-ից ցածր է, բայց ունի բարձրագույն կրթություն ու շեշտել է, որ կին է և հարցրել էր՝ կարո՞ղ է դիմել պարեկային ծառայության, Արթուր Ումրշատյանն այս առիթով պարզաբանեց. «Մեզ մոտ լիարժեք գենդերային հավասարություն է: Այս առումով կին և տղամարդ հարաբերությունների առանձին կարգավորում չկա: Ինչ վերաբերում է հասակին, ապա, ցավոք՝ ոչ, այդ հասակով պարեկային ծառայություն ընդունվել չեք կարող, որովհետև դա հստակ սահմանված ընթացակարգ է, և Ձեր՝ բարձրագույն կրթություն ունենալն այստեղ ոչինչ փոխել չի կարող: Ցանկալի է բարձրագույն կրթություն ունենալը պարեկային ծառայությունում, բայց այն ոչ բավարար պայման է պարեկային ծառայություն ընդունվելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031