Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կուսակցական, քաղաքական բաժանումները մեր տունը քանդել են»․ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Մարտ 30,2022 16:18

«1991թ.-ից՝ ՀՀ անկախացման օրվանից, ինչպե՞ս եղավ, որ հայկական սփյուռքի եւ Հայաստանում ապրող հայության միջեւ առաջացավ այս անջրպետը եւ մեզ այդպես էլ սկզբունքորեն չհաջողվեց այն հաղթահարել։ Այդպես էլ չհասկացանք, թե մեր ազգի մյուս հատվածի հետ ինչպես է պետք աշխատել, ինչ կարող ենք անել»,-«Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նրա խոսքով․ «Անկախության առաջին տարիներին սուբյեկտիվ վերաբերմունքի ու վախի պատճառով սփյուռքն անգործության մատնվեց, հետո հակառակ կարծիքը եղավ, ստեղծվեց սփյուռքի նախարարությունը։ Չհասկացանք, որ սփյուռքի հետ աշխատանքը հնարավոր չէ կառավարել, այն չի կարելի դնել պետական ինչ-որ միավորի վրա, հետո՝ սփյուռքի հանձնակատարի։ Իմ համոզմամբ՝ չկարողացանք ՀՀ-ն վերածել համազգային պետության։ Ամեն ինչ չէ հայկական, որն ավարտվում է «յան»-ով։ Խզվածքներ կան։ Ո՞րն է լուծումը։ «Հայաստան-սփյուռք» միասնությունը չպետք է գրել գծիկով, դա պետք է լինի միասնություն՝ համահայկականություն, համազգային գաղափարախոսություն»։

Ռուբեն Կարապետյանի բնորոշմամբ․ «Որպեսզի մենք կարողանանք ինստիտուցիոնալ անել այդ աշխատանքը հայության հետ, պետք է լինի «Հայաստան+հայություն» միասնությունը։ Համահայկական ցանցի կենտրոնը պետք է լինի ՀՀ-ն, իսկ դա կյանքի կոչելու համար ՀՀ-ն պետք է ապացուցի, որ համազգային պետություն է։ Իմ կարծիքով՝ մենք դա չենք արել, չենք կարողացել, չենք հասկացել։ ՀՀ-ն պետք է դառնա մեր բոլորի կուսակցությունը։ Բավարար է, որ որովհետև մեր հատվածական, կուսակցական, քաղաքական բաժանումները մեր տունը քանդել են։ Հայաստանն ու հայությունը մեկ տեսլական պետք է լինեն։ Եթե կարողանանք նման ինստիտուտ ստեղծել, դա այս վիճակում կլինի միակ փրկությունը»։

Ըստ Ռուբեն Կարապետյանի՝ եթե չկա համազգային օրակարգ, ուրեմն չկան նաեւ համազգային առաջնորդներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031