Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբանը՝ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ

Մարտ 30,2022 16:29

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայթուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaberը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն է։

ՄԱՍ առաջին

Ֆեհիմ Թաշթեքինը ծնվել է 1972թ. Էրզրումի Օլթու շրջանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1994թ.-ից։ Աշխատել է թուրքական այնպիսի առաջատար լրատվամիջոցներում, ինչպիսիք են՝ Hurriyet-ը, Yeni Safak-ը, Radikal-ը և այլն։ Որոշ ժամանակ աշխատել է «Կովկաս» լրատվական գործակալությունում՝ որպես  հիմնադիր խմբագիր։ Նա այժմ շարունակում է հոդվածներ հրապարակել թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» և «Al Monitor» լրատվական կայքերում։ Հեղինակել է մի շարք գրքեր։

– 2020թ. 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է մեկնարկել: Ի՞նչ առանցքային տարբերություններ կան այս և նախորդ գործընթացների միջև:

– Ներկայիս բանակցություններն ընթանում են 2020թ. պատերազմից հետո ստեղծված նոր պայմանների հիման վրա։ Լուծման հիմքերի վերաբերյալ պարամետրերը զգալիորեն փոխվել են։

2009 թվականին Շվեյցարիան և արևմտյան երկրներն ունեին հարաբերությունների կարգավորումը միջնորդող և դյուրացնող դեր։ Այժմ Թուրքիան և Հայաստանը, հատուկ ներկայացուցիչներ նշանակելով, գործընթացն ինքնուրույն առաջ տանելու կամք են դրսևորել։ Իհարկե, այս անգամ անմիջականորեն ներգրավված է նաև Ռուսաստանը։ Այն, որ կողմերի միջև առաջին հանդիպումը սկսվել է Մոսկվայում, այլ դինամիկայի մասին է վկայում։ Կովկասում մի գործընթաց, որում ներգրավված չէ Ռուսաստանը, առաջընթացի շանս չունի։

2009թ. կարգավորման գործընթացի արձանագրությունների ստորագրման ժամանակ գործընթացն առաջ մղելու ճանապարհին «ականներ» (խոչընդոտներխմբ.) կային։ Օրինակ Էրդողանը, Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալիս, արձանագրությունների հաստատման գործընթացի ավարտը կապել էր «Ղարաբաղի և հարակից շրջանների օկուպացիային վերջ դնելու» պայմանի հետ։ Իսկ հայկական կողմում Սահմանադրական դատարանն օգտագործվեց որպես միջամտության գործիք, որը սաբոտաժի ենթարկեց գործընթացը։ Իրականում երկու կողմերն էլ ո՛չ հոգեբանորեն և ո՛չ էլ քաղաքականորեն պատրաստ չէին հարաբերությունների կարգավորման նոր մեկնարկին։

Էրդողանի վարչակազմը շատ էր կարևորում Արևմուտքի աջակցությունը։ Նրա համար կարևոր էր, որ Վաշինգտոնում պահպանվի դրական մթնոլորտը։ Կիպրոսի և Հայաստանի հարցում նախորդ կառավարություններից տարբերվող և ավելի համարձակ քայլերի իրականացումը հիմնական պատճառներից մեկն էր, որ Էրդողանը փորձի լեզու գտնել Արևմուտքի հետ։ Սակայն Էրդողանը նաև երկկողմ շահերի ազդեցությամբ ցույց տվեց, որ ի հեճուկս Ադրբեջանի, չի կարող քայլ անել։

Հայթուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

– Եթե հարցը Թուրքիայի տեսանկյունից դիտարկենք, ապա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը վերացվել է։ Այս խոչընդոտն այն էր, որ Ադրբեջանի շրջանները գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ։ Հիմա երբ արդեն այս շրջաններն անցել են Ադրբեջանին,  Էրդողանն այլևս ոչ մի պատրվակ չունի։ Անշուշտ չեմ ցանկանում ասել, որ Էրդողանը Հայաստանի հետ ձեռք կսեղմի՝ ամբողջովին անտեսելով Ադրբեջանի դիրքորոշումը։ 2020թ. ստորագրված հրադադարի համաձայնագրի պահանջների կատարումը կարևոր է դառնում։

Գործընթացի առաջխաղացման հիմնարար խնդիրը շարունակում է մնալ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Վստահ չեմ՝ արդյո՞ք Անկարան կարող է բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց այս միջանցքի բացման։ Անկարայում շատ են կարևորում Ադրբեջանի հետ ռազմական ձևաչափ ստացած գործընկերությունը։ Կամա-ակամա զուգահեռներ կանցկացվեն 2020թ. համաձայնագրի կյանքի կոչման և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։

Ի տարբերություն 2009 թվականի՝ Հայաստանի և Թուրքիայի համար այս անգամ խթաններն ավելի շատ են։  Կողմերը ցանկանում են խաղը կազմակերպել «Win-win» տրամաբանությամբ։ Որպես պատերազմի պարտված կողմ՝ Հայաստանը պետք է ստանա քաղաքական-տնտեսական արդյունքներ, որոնք ինչ-որ կերպ փոխհատուցում են իրավիճակը։ Շատ մեծ է նաև այն ռազմավարական նշանակությունը, որը Թուրքիան վերագրում է միջանցքներին։ Որպեսզի Էրդողանը հասնի Կասպիցի ու Ասիայի հետ կապված իր երազանքներին, պետք է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի։ Իհարկե, կան նաև իրավիճակը բարդացնող այլ գործոններ։ Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման տեմպերի զգալի աճը Թուրքիային շատ է նեղ դրության մեջ գցել։ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում պահանջվում է, որ այս հարցը վերացվի և դադարի խանգարող գործոն լինելուց։

Բայց պետք է իրատես լինել. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող վերջ դնել Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին կամ տարաձայնություններին։ Այս հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն աստիճանաբար միահյուսվել է ազգայնական արձագանքների հետ։  Կողմերը շատ հեռու են միջին ճանապարհ գտնելուց։ Իր պատմության հետ առերեսվելու Թուրքիայի խնդիրը շատ մեծ է։

Երկու երկրների հարաբերությունները հայկական սփյուռքի զգայուն խնդիրներից շատ ավելի անկախ, ավելի պաշտպանված տարածքում պահելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չի թվում։ Միայն եթե լավատեսորեն առաջնորդվենք, և եթե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատվեն, ապա Հայոց ցեղասպանության հետ կապված դիսկուրսը ևս ժխտողական գծից գուցե է հնարավոր լինի տեղափոխել ավելի ընկալելի և ողջամիտ մթնոլորտ։  Իհարկե, հնարավոր չէ, որ մեկ օրում մթնոլորտը փոխվի։ Քաղաքական մթնոլորտը շատ որոշիչ է. պետական մակարդակով մթնոլորտի փոփոխությանը զուգահեռ, հասարակությունները կարողանում են արագ հարմարվել նոր իրավիճակին։ Ուստի նախ պետք է վերացվեն քաղաքական պատնեշները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031