Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչը Վիեննայում հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը

Մարտ 30,2022 15:32

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law”) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում:

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր:

Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին:

ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին:

Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի  և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ:

ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը:

Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:

ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031