Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Կրթության և գիտության ռազմավարություն. ինչո՞ւ մինչ օրս չունենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ համամիտ է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի այն դիտարկմանը, որ չունենք մարդկային բավարար կապիտալ, որը կմտածի ռազմավարական մակարդակով: «Ընդ որում, ես նկատի ունեմ ոչ միայն մարդկային ռեսուրսները… Մենք ընդհանրապես այսպիսի մեծ ծավալ ենթադրող աշխատանքների համար ոչ մարդկային, ոչ տեխնոլոգիական, ոչ տեխնիկական, ոչ ֆինանսական, ոչ կառավարչական ռեսուրս չունենք: Կարծում եմ, որ այդ առումով մեր զարգացման ծրագրերը պետք է լինեն ավելի թիրախավորված, ինչի համար պետք է ունենալ փաստերի վրա հիմնված քաղաքականություն»,-ընդգծեց Քյուրումյանը:
Նրա խոսքով. «Երբ խոսում ենք փաստերի վրա հիմնված քաղաքականության մասին, հավանաբար պետական պաշտոնյաների մի մասը մտածում է, որ փաստը արձանագրեցին, ուրեմն` վերջ: Դա կար նախկին իշխանությունների օրոք, ու մտածում էինք, որ հետհեղափոխական Հայաստանում իրավիճակը կփոխվի, կներկայացնեն ոչ միայն փաստերը, այլեւ համապատասխան վերլուծություններ:
Հիմա ենթադրենք, ասում են` 10 տարեկան երեխաների 35 տոկոսը խնդիրեր ունի կարդալու եւ կարդացածը հասկանալու հետ կապված: Առաջին անգամ այդ տվյալը հրապարակվեց 2019թ հոկտեմբերին: Իմ գործընկերները այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ անգամ դա նշել են, ինքս էլ դրա մասին հոդված ունեմ գրած, նաեւ իշխանությունը դրան անդրադարձավ ընտրություններից առաջ, եւ դրանից հետո սկսեցին մի երկու անգամ խոսել:
Հիմա մենք չենք տեսնում, չենք լսում, թե ինչո՞ւ է այդ իրավիճակը ստեղծվել: Ո՞րն է խնդիրը: Խնդիրը ուսուցիչների մի մասի որակավորո՞ւմն է, դասագրքե՞րն են, մեթոդաբանությո՞ւնն է…Ի՞նչն է, եթե փաստն ասում եք, պետական քաղաքականություն մշակելու համար հաջորդը պետք է պատճառների վերլուծությունը լինի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի