Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ:
2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին:
Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված:
Կարդացեք նաև
Նշված փաթեթներում առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ