«Նենց վստահ եք խոսում, որ ինձ մոտ տպավորություն է՝ դուք եք ձեր ողջ գիտակից կյանքում պայքարել ՀՀ-ում ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար, այլ ոչ թե ես»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, հարցեր հղելով Տիգրան Մուկուչյանին, հիշեցրեց ՏԻՄ ընտրությունների բացահայտած խնդիրները: Աննա Մկրտչյանն էլ հայտարարեց, թե 2016-ին բարեփոխումներ են իրականացվել, թափանցիկության ու վերահսկողության մեխանիզմներ են սահմանվել՝ սկսած ցուցակների հրապարակումից:
Վիլեն Գաբրիելյանը վստահեցրեց՝ իր կարծիքով՝ ՀՀ-ում 1996-ից սկսած մինչև 2018 բոլոր ընտրությունները՝ բացի 1999-ի ընտրություններից, դրվել են կասկածի տակ ու ասաց. «Ներկայիս ընտրական համակարգը ո՛չ 2017-ի իշխանության բարի կամքն է, ոչ էլ ինչ-որ մեկի. դա երկարատև տարիների ՀՀ քաղաքացու պայքարի արդյունքն է նաև: Այստեղ կարևոր գործոն է տվյալ պահի իշխանության քաղաքական կամքը և ինչ արժեքների է դավանում: Հիմա, որ խոսում եք, ողջ ընտրական գործընթացները աչքերիս դիմացով անցնում են»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ նշեց՝ այն հարցերը, որոնք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հղում էին Տիգրան Մուկուչյանին, իրենք այդ հարցերին անդրադառնում էին վստահված անձանց կամ հանձնաժողովի անդամների դասընթացների ժամանակ ու հիշեց 2017-ի ընտրությունները. «Երբ ասում եք, որ ինչ-որ մեկը սխալմամբ ուրիշի տեղն է քվեարկել, հիշեցի, որ 2017-ին եղել եմ հանձնաժողովի քարտուղար: Մեկը եկավ, ընտրեց, գնաց, եկավ օգնող, սխալմամբ իր անձնագիրը տվեց և գնաց կրկնաքվեարկություն: Ձեր իշխանության ժամանակ էր: Ուղղակի ոստիկանություն կանչեցինք, արձանագրեցինք, այն, ինչ Ընտրական օրենսգրքով սահմանված է՝ տեղի ունեցավ: Ես այդ ժամանակ ընդդիմության ներկայացուցիչ էի: Որ այսօր հնչում էին հարցեր, տարիներ շարունակ մենք ենք բարձրաձայնել, մեզ են ընտրատեղամասերում ծեծել, մեզ են վիրավորել, դուք ձեզ համար ձեր գործերին եք եղել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արամ Վարդևանյանի կողմից հիշեցմանը, որ Սուրեն Պապիկյանը մասնակցում էր Վեդիում քարոզարշավին, Արփի Դավոյանն ասաց. «ՀՀ ՊՆ նախարարը քաղաքական պաշտոն է, ՀՀ ՊՆ նախարարն այս պահին ՔՊ կուսակցության վարչության նախագահն է, որ ներկա է գտնվել Վեդիում, երեկոյան ժամը ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ: Ի՞նչ խնդիր կա այդտեղ: Որևէ խնդիր չկա, քանի որ մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է»:
Ելույթի ավարտին էլ Արփի Դավոյանը, դիմելով Արամ Վարդևանյանին ասաց. «Լինեիք վստահված անձ որևէ ընտրությունում, լինեիք դիտորդ, և դա լիներ օրինակ՝ 2016-ին Հրազդանի ընտրությունների ժամանակ, այդ ժամանակ լավ կհասկանայիք՝ ինչ էր տեղի ունենում ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ընտրություններին, հետո կհամեմատեիք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ