Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր երկարամյա փորձից կհիշե՞ք ՏԻՄ ընտրություններից մի դեպք, ինչպիսին Վանաձորում, Վեդիում, Վարդենիսում է». Արամ Վարդևանյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Մարտ 30,2022 13:47

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ Ձեր երկարամյա փորձից կհիշե՞ք մի դեպք, որ համայնքում ընտրություն տեղի ունենա, ընտրություններն ավարտվեն, բայց, օրինակ՝ ինչպես Վարդենիսում, ուղղակի չթողնեն, որ ընտրվի քաղաքապետ, նախկինն էլ ասի, որ այդ ամենը ինքն է կազմակերպել: Կհիշե՞ք մի դեպք, այնպես, ինչպես Վանաձորում է, որտեղ մի թեկնածուն ընտրվի, հետո կալանավորվի, կհիշե՞ք դեպք, ինչպես տեղի ունեցավ Վեդիում:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված փորձը հիշելուն, ապա ես արդեն նշել եմ, որ ներդրվել է նոր մեխանիզմ, որով առաջին անգամ իրականացվեցին համամասնական ընտրություններ: Մինչ այդ համայնքի ղեկավարն ու ավագանին ընտրվում էին ուղղակի, նրանց ընտրությունների արդյունքները արձանագրվում էին տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումներով և նրանց տրվում էին մանդատներ: Սա առաջին դեպքն է, երբ ՏԻՄ ընտրություններ իրականացվեցին համամասնական համակարգով: Ընտրական հանձնաժողովները համամասնական ընտրակարգով իրականացնում են ընտրությունների արդյունքների ամփոփում, դրա արդյունքում կայացվում են մանդատների բաշխման որոշումներ, մանդատները տրամադրվում են համամասնականի շեմերը հաղթահարած կուսակցությանը, որից հետո ընտրական հանձնաժողովները որևէ գործառույթ չունեն: Հետևաբար այժմ ընտրական հանձնաժողովների գործառույթների տիրույթը ավարտվում է, երբ կայացվում է որոշում, երբ տրամադրվում են մանդատներ, որից հետո տվյալ ավագանու անդամները կազմակերպում են նիստեր, ընտրում համայնքի ղեկավար: Այս գործառույթների իրականացման տեսանկյունից ԿԸՀ-ն որևէ գործառույթ չունի: Եթե խոսքը վերաբերում էր նախկին փորձը ներկայի հետ համեմատելուն, ապա նախկին փորձ ուղղակի չկա, քանի որ օրենքն է այլ եղել: Նոր իրավակարգավորմամբ՝ ընտրական հանձնաժողովների գործառույթը ավարտվում է մանդատների տրամադրմամբ»:

Մյուս հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքական պաշտոնյաների՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քարոզարշավի մասնակցությունը, օրինակ՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնյաների՝ Վեդիում գտնվելը,  Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ընտրական գործընթացի մասնակցությանը, ապա ընտրական հանձնաժողովների ուսումնասիրության առարկան է դառնում այն հարցը՝ արդյոք հիշյալ մարդիկ կարո՞ղ են մասնակցել, թե՞ ոչ, ի՞նչ ձևով, ի՞նչ շրջանակներում ու մեխանիզմներով: Սա է դառնում հանձնաժողովի ուսումնասիրության առարկան: Եթե քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն իրականացնում է քարոզչություն, այստեղ է, որ միայն օրենքը նախատեսում է հանձնաժողովի միջամտությունը»:

Արամ Վարդևանյանը, Տիգրան Մուկուչյանին դիմելով, ասաց, որ նա, ըստ էության, շրջանցեց իր հարցին պատասխանելը: Եվ նորից կրկնեց՝ արդյոք նման դեպքեր եղե՞լ են նախկինում, ինչ Վանաձորում, Վարդենիսում, Վեդիում, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Նախկինում մոտ 900 համայնքներում մեծամասնական ընտրություններ էին տեղի ունենում: Երկու անգամ մասնակից եմ եղել նման ընտրությունների կազմակերպմանը, նման տեղեկություն չի ուսումնասիրվել: Տեղեկացված չեմ և չեմ կարող այս պահին ասել: Եթե նման տեղեկություն լինի, եթե կգտնեմ որևէ դեպք, ձեզ կիրազեկեմ»:

Վեդիում ընտրությունները կրկնակի կազմակերպելու և ԿԸՀ-ի կողմից կրկնակի աշխատանք ու ծախսեր կատարելու հարցի առիթով էլ ասաց. «Ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում որևէ դիմում բողոք չի ներկայացվել ոչ ԿԸՀ, ոչ էլ տարածքային ընտրական հանձնաժողովներին, չի ներկայացվել ոչ մի վերահաշվարկի դիմում: Երբ երեք տեղամասերում վերահաշվարկ էր իրականացվում, ընդամենը մեկ կողմի ներկայացուցիչն էր ներկա՝ այն էլ ձևական էր մասնակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031