Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ չէ, թե ինչու են ԱՄՆ հայկական կազմակերպությունները երկյուղում թթու խոսք ասել Կրեմլի հանդեպ՝ չլինելով ՀՀ պետության ներկայացուցիչներ եւ որեւէ պատասխանատվություն չկրելով ՀՀ արտաքին քաղաքականության համար». Հովսեփ Խուրշուդյան

Մարտ 30,2022 12:44

Քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Բայդենի ադմինիստրացիան առաջարկել է Կոնգրեսին գրեթե կիսով չափ կրճատել վերջինի կողմից նախատեսվող օգնությունը Հայաստանին՝ 45-ից հասցնելով 24 մլն դոլարի եւ չեղարկել օգնությունը Արցախին: Բացի այդ օգնությունից ադմինիստրացիան համաձայն է Հայաստանին տրամադրել եւս 6 մլն դոլար թմրանյութերի դեմ միջազգային պայքարի եւ իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման համար: Ամեն դեպքում, անգամ կրճատված տարբերակով /շուրջ 30 մլն դոլար/ այդ օգնությունը երեք անգամ ավելին է, քան Ադրբեջանի համար Բայդենի ադմինիստրացիայի հաստատած օգնությունը /9,7 մլն/: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրությունից:

Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնության մասին որեւէ տեղեկություն դեռեւս չկա: Չի բացառվում, որ այն չեղարկվի, հաշվի առնելով, որ ադմինիստրացիան դեռ Կոնգրեսին բավարարող հաշվետվություն չի ներկայացրել այն մասին, թե Ադրբեջանին մինչեւ 2020թ. Տրամադրված 164 մլն դոլարի ռազմական օգնությունը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության խախտման վրա:

Ես մի քանի պատճառներ եմ տեսնում այս կրճատման համար.

1.Ամենագլխավորը, թերեւս, այն է, որ կտրուկ մեծացնելով օգնությունը Ուկրաինային՝ Բայդենի ադմինիստրացիան կրճատում է գրեթե բոլոր մնացած երկրներին ուղարկվող օգնությունը.

2.Հայկական լոբբիստական կառույցների անտարբերությունը Ուկրաինայի խնդիրների հանդեպ կարող են դեր խաղալ նրանց ազդեցության աստիճանի վրա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Ինձ հայտնի չէ որեւէ հայտարարություն, որը ընդունած լինեն Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական ասամբլեան, որը կդատապարտեր ռուսական ագրեսիան Ուկրաինայի հանդեպ ու/կամ կանդրադառնար Ուկրաինայում տիրող հումանիտար աղետին ու ուկրաինացի ժողովրդի տառապանքներին: Ցեղասպանության ճանաչման, դրա համար պատասխանատվության կանչման, եւ հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը բարձրաձայնող կառույցների համար նման կրավորական կեցվածքը ԱՄՆ իսթեբլիշմենթում կարող է տպավորություն ստեղծել, որ հայկական լոբբին ռուսական շահերի ծպտյալ պաշտպան է, ինչը այսօրվա հակառուսական տրամադրությունների ծավալման եւ Ուկրաինայի խնդրի հանդեպ ԱՄՆ-ում եւ, ընդհանրապես, Արեւմուտքում, գերզգայունության պայմաններում մեծ հարված է հասցնում Հայաստանի շահերը պաշտպանելուն ուղղված ցանկացած նախաձեռնությանը: Պարզ չէ, թե ինչու են ԱՄՆ հայկական կազմակերպությունները երկյուղում թթու խոսք ասել Կրեմլի հանդեպ՝ չլինելով ՀՀ պետության ներկայացուցիչներ եւ որեւէ պատասխանատվություն չկրելով ՀՀ արտաքին քաղաքականության համար: Նմանապես՝ Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի կրում նրանց դիրքորոշումների համար, եւ նրանց աջակցությունը պատերազմի դադարեցման գործին որեւէ կերպ չի կարող վնաս հասցնել Հայաստանին, ավելին՝ կարող է ներկայացվել նաեւ որպես դժգոհություն Հայաստանի հանդեպ Կրեմլի դավաճանություններ՝ 2016թ.-ից սկսված շարքի հանդեպ: Ուստի նրանց նման կրեմլասեր վարքագիծը ինձ համար էլ է սկսում կասկածելի թվալ.

3.Ադրբեջանական լոբբիզմի ծավալումը, որը թեեւ խիստ երիտասարդ է, սակայն գրագետ աշխատանքի եւ հակակրեմլյան կեցվածքի շնորհիվ իր արդյունավետությամբ կարող է համեմատվել հայկական հարյուրամյա կառույցների հետ: Ադրբեջանական լոբբիզմի մասին իմ հաղորդումը՝ երկրորդ մեկնաբանության մեջ.

4.Արցախին տրվելիք օգնության կրճատումը կապում եմ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների անկախության ռուսական ճանաչումը ողջունելու հետ.

5.Վերջապես, պետք չի մոռանալ, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ դա շատ ավելի մեծ խարան է դարձել Արեւմուտքի աչքերում այժմ, Ղազախստանի ու Ուկրաինայի դեպքերից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031