Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձի ենթարկված «Գազի Հովոյի» որդու տան վրա էլ էին ժամանակին կրակել, կոտրել դուռ ու պատուհան

Մարտ 30,2022 12:38

Մարտի 28-ին Արտաշատի դրամատիկական թատրոնի մոտ մահափորձի ենթարկված «Գազի Հովո» մականվամբ հայտնի Հովհաննես Ղազարյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Aravot.am-ի տեղեկություններով, վերջինս հրազենային վիրավորում է ստացել դեմքի ու որովայնի առաջնային պատի հատվածում: Առաջին բուժօգնությունը ստանալով Արտաշատի բժշկական կենտրոնում՝ տեղափոխվել է Երեւան, այստեղի հիվանդանոցներից մեկում մի քանի վիրահատություն տարել:

Մեր տեղեկություններով՝ «Գազի Հովոն» այսօր էլ է վիրահատվել ծնոտի շրջանում: Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառական ապարատ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

Իր մականունը՝ «Գազի Հովո», ստացել է «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի մասնաճյուղում տնօրեն աշխատած տարիներին:

Նրա անունը մամուլում բազմիցս շրջանառվել է 2009 թվականից:

Հովհաննես Ղազարյանը, նրա երկու որդիները եւ եղբայրը` Կարեն, Վիլեն, Մկրտիչ Ղազարյանները, վարորդը` Աշոտ Սարգսյանը եւ ընկերը` Արայիկ Գաբրիելյանը, 2009 թվականի մայիսի 20-ից գտնվում էին հետախուզման մեջ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու թիկնապահների հետ վեճի բռնվելու պատճառով: Այդ վեճը եղել էր Հովհաննես Ղազարյանի՝ դրանից մի քանի օր առաջ իր տան վրա կատարված հրազենային հարձակման պատասխանը:

«Գազի Հովոն» ու Հովիկ Աբրահամյանը ժամանակին մտերիմներ են եղել, բայց նրանց հարաբերությունները վատացել էին հատկապես Արարատի մարզի Մրգավան համայնքի ընտրությունների ժամանակ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Աբրահամյանների հետ վատ հարաբերությունների արդյունքում «Գազի Հովոյի» մեքենաներն են հրկիզվել, «անհայտ անձի» կողմից էլ ինքնաձիգ հրազենից անկանոն կրակոցներ են արձակվել Ղազարյանի որդու՝ Արթուր Ղազարյանի տան վրա, ինչի արդյունքում վնասվել էին տան պատերը, մուտքի դուռը, պատուհանների ապակիները:

«Գազի Հովոյի» ու նրա հարազատների անունները մամուլում հայտնվել են նաեւ ծեծկռտուք կազմակերպելու դեպքերով, նրանց մեղսագրվել են խուլիգանական արարքներ:

«Գազի Հովոյի» մյուս որդին՝ Կարեն Ղազարյանը, այժմ Արտաշատի ավագանու անդամ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031