Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ում է ձեռնտու ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատի» բացումը. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 30,2022 11:12

ՀՀ Անվտանգության խորհրդի մարտի 28-ի նիստից հետո տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:

Եթե Ադրբեջանը գնա նման քայլի, դա կնշանակի ոչ միայն Արցախի և ՀՀ-ի հանդեպ իր իրական ձգտումների, այն է՝ Արցախում էթնիկ զտումների, իսկ Հայաստանի դեպքում՝ տարածքային պահանջների իրագործում, այլև Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացում, քանի որ Արցախում անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորակազմն է, իսկ Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազան: Օրինաչափ հարց է ծագում, թե այսօր ում է ձեռնտու ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատի» բացումը: Պատասխանը մեկն է՝ արևմտյան երկրներին: Գործընթացների այս համապատկերին, չնայած արևմտյան երկրներից հնչող մտահոգություններին և Ադրբեջանին զսպվածության կտրուկ կոչերին, ակնկալել, թե դրանք տարածաշրջանում ապակայունացման ռիսկի մեծացման դեպքում գործուն ազդեցություն կարող են ունենալ, խիստ կասկածելի է:

Հետագա առաջխաղացման հարցում Ադրբեջանի համառությունն անխուսափելիորեն հանգեցնելու է խաղաղապահների և ադրբեջանական զինուժի միջև լարվածության թեժացման, իսկ նրանց միջև զինված միջադեպը կլինի այն կայծը, որը կհատի Արցախում ՌԴ-ի նախանշած «կարմիր գծերը»:

Հատկանշական է, որ վերջին երկու օրերին «Էրեբունի» ռազմական օդանավակայանում կանգնած ռուսական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Բաքվին հղելով համապատասխան ուղերձներ: Այդ թռիչքները հետևել են մարտականին մոտ զորավարժություններ սկսելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած կարգադրությանը: ՌԴ այս քայլերը փաստում են, որ նա ապակայունացման դեպքում կդիմի կտրուկ միջոցների, իսկ դրա համար ՌԴ 102-րդ ռազմաբազայի կարողություններն առավել քան բավարար են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031