Լրահոս
Օրվա լրահոսը

«Առուշանյանը Գորիսի գործող քաղաքապետն է եւ կշարունակի քաղաքապետ աշխատել». փաստաբան. «Հրապարակ»

Մարտ 30,2022 10:53

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վճռով՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով Առուշանյանի մոտ 8-ամսյա կալանքը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում։ Սակայն որոշվեց, որ ազատազրկումն էլ պայմանականորեն չի կիրառվի՝ նշանակվեց փորձաշրջան։ Այսինքն՝ դատարանը պայմանական տվեց Առուշանյանին, եւ եթե 6 ամսում նա նոր «հանցանք» չկատարի, կմնա ազատության մեջ։

Եվ ամենակարեւորը՝ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ոմանք դատավորի այս որոշումը գրեթե հերոսություն գնահատեցին, քանի որ մեղադրողը դատարանից պահանջել էր 9 տարվա ազատազրկում՝ Առուշանյանի եւ 6 տարվա ազատազրկում՝ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի համար։ Բայց գնալով այսպիսի համարձակ քայլի՝ մերժելով մեղադրողի պահանջը, դատավորը, այնուամենայնիվ, մի վատ բան արեց՝ որոշեց Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նաեւ աշխատավարձի 700-ապատիկի չափով տուգանքի վճարում սահմանեց։

Սակայն մարդիկ հետաքրքրվում էին՝ կարո՞ղ է արդյոք ընտրված համայնքապետը դատարանի որոշմամբ զրկվել պաշտոնավարման իրավունքից, եւ արդյոք օրենքը հետադարձ ուժ ունի՞։ Առուշանյանի փաստաբանական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, նշեց․ «Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, բայց ասեմ մի բառով․ Առուշանյանը Գորիսի գործող քաղաքապետն է եւ կշարունակի քաղաքապետ աշխատել։ Հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացահայտել»։ Մենք պնդեցինք, որ փաստաբանը բացատրի իր միտքը։ Նա ասաց, որ օրենքը թույլ չի տալիս գործող քաղաքապետին զրկել պաշտոնավարելուց․ «Չեմ ուզում որեւէ հարցի պատասխան տալ։ Կտեսնենք, էլի, Առուշանյանը կաշխատի, չի աշխատի, օրենքը որն է՝ կտեսնեք»։

Հ.Գ․ Մենք տեղեկացանք, որ 2022թ․ ապրիլի 5-ին, ժամը 14-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը, վարելու է համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։ Գորիսից մեզ ասացին նաեւ, որ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Առուշ Առուշանյանը կարող է զբաղեցնել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ նրա փաստաբանական խումբը հնարավորություն ունի վճիռը բողոքարկելու վերաքննիչ եւ վճռաբեկ դատական ատյաններում, ինչը կարող է բավականին երկար տեւել, եւ այս ատյաններում կարող են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պաշտոնավարման իրավունքից զրկելու վերաբերյալ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031