Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ո՞նց եղավ, որ երբ դու Նիկոլ Փաշինյանին անվանում ես դավաճան, դա վիրավորանք է, երբ իրենք են ընդդիմությանը հայտարարում նման բան, դա քաղաքական խոսույթ է. Արծվիկ Մինասյան. Parliament Monitoring

Մարտ 30,2022 10:34

Parliament Monitoring. Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ։

Ադրբեջանը 5 սկզբունքներ է ներկայացրել հայկական կողմին՝ որպես խաղաղության պայմանագրին հասնելու պայման: Իշխանության արձագանքը այն է, որ կարծես մտահոգիչ դրույթներ դրանցում չկան: Դուք այդտեղ մտահոգվելու հիմքեր տեսնո՞ւմ եք:

-Այդ 5 կետերի շուրջ լուրջ քննարկումներ պետք է լինեն, որովհետև շատ մտահոգիչ բաներ են տեղի ունենում: Դրանց նախորդել են Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի ու էլի շատերի հայտարարությունները։ Նրանք, կարծես, դարձել էին թշնամու շահերի պաշտպանները, փորձում էին հիմնավորել անհասկանալի բաներ տարածքային ամբողջականության հաստատման մասով: Դա օգտագործվում էր ոչ թե այն տրամաբանությամբ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, այլ ուղիղ հակառակը: Եթե ներկայացնեին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դրան պետք է հաջորդեր փաստարկում, որ, այո, Արցախը չի կարող Ադրբեջանի ենթակայությամբ լինել: Այս մարդիկ իրենց գործողություններով պատրաստ են նույնիսկ սպասարկելու 5 կետերը՝ հայ ժողովրդի համար ամենաայլանդակ հետևանքներով:

Իսկ ընդհանրապես, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ արդյունքով կարող է Հայաստանը դուրս գալ այդ բանակցություններից:

-Բոլորն են ձգտում խաղաղության, բայց խաղաղության հասնելու տարբեր պատկերացումներ կան: Իշխող քաղաքական ուժը այդ խաղաղությունը պատկերացնում է ստորադասված արժանապատվությամբ, ստրուկի կարգավիճակով: Պատմությունից հայտնի է, որ ստրուկի և ստրկատիրոջ միջև չի կարող խաղաղություն լինել: Դու առնվազն պետք է կարողանաս բալանսավորել քո ուժը, քո հակազդման հնարավորությունը, որպեսզի դիմացի կողմը հասկանա՝ այլընտրանք չունի, պետք է խաղաղություն կնքի: Մինչդեռ իշխանությունը, որևէ դիմադրություն ցույց չտալով, անընդհատ խոսում է խաղաղությունից: Մեր պատկերացրածը արժանապատիվ խաղաղությունն է, երբ կարող ես դիմադրել, հակազդել, քո շահերը պաշտպանել։ Որպեսզի դրան հասնենք, մի քանի առանցքային բան է պետք: Նախ՝ ազգային միասնականություն, որ հասկանանք՝ անհրաժեշտ է թշնամուն դիմադրել: Երկրորդը, ներքին ու արտաքին անվտանգության ապահովման բոլոր բաղադրատարրերի ամբողջական գործարկում: Դա թե՛ բանակն է, թե՛ անվտանգության քո ուժերն են՝ բոլոր մակարդակներում։ Դա նշանակում է հիմնական ռազմավարական գործընկերների հետ պաշտպանական բոլոր գործողությունները ճիշտ ժամանակին և նպատակային օգտագործել, և ոչ թե մի դեպքում գործընկերոջը վիրավորես, անտեսես, հետո փորձես պուպուշ երևալ: Չեն կարող Նիկոլ Փաշինյանն ու իշխող քաղաքական ուժը Հայաստանի ներսում ատամ ցույց տան, ճնշեն քաղաքական ընդդիմախոսներին, քաղբանտարկյալներ ունենան ու ազգային միասնականության մասին խոսեն:

Բայց տարբեր զեկույցներ փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում ունենք առաջընթաց:

-Մենք տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակ է Հայաստանում՝ սկսած ՏԻՄ–ից մինչև պատգամավորներ՝ դատական ակտերով, ապօրինի մեկուսացված են: Երբ կարդում ես միջազգային կառույցների գնահատականներ, թե Հայաստանում ժողովրդավարության առումով փայլուն վիճակ է, սա խոսում է այն մասին, որ կա առանձին մի հանցավոր մտադրություն՝ ընդդեմ Հայաստանի: Բթացնելով հանրային զգոնությունը, անտեսելով հակաժողովրդական գործիքակազմը՝ Հայաստանին ու այս զիջողական իշխանությանը մղում են պարտվողական, նոր զիջումների: Սա ազդակ պետք է լինի բոլորին: Եվրախորհրդի վերջին զեկույցներից մեկը, որը վերաբերում էր իբր Հայաստանում ժողովրդավարության վիճակին, պարունակում էր մի շարք խայտառակ գնահատականներ։ Երբ ասում ես՝ սա խայտառակություն է, իշխանությունը հակադարձում է՝ փաստորեն դուք դեմ եք Հայաստանին: Ոչ, մենք դեմ ենք քեզ, իշխանություն, քո ստերին, Հայաստանն ու հայ ժողովրդին նման պարտության տանելու գործողությանը: Ժողովրդավարությունն ամեն մեկն ինքը պետք է զգա իր վրա: Ո՞նց կարող է ժողովրդավարական գնահատվել մի իշխանության գործողություն, որը քրեական գործեր է հարուցում ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների նկատմամբ՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով:

Իրենք ասում են՝ դուք էլ կարող եք դիմել իրավապահներին:

-Ով ծանոթ է այդ հոդվածին, գիտի, որ եթե խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է, ինչպիսիք ընդդիմադիր պատգամավորներն են, նրանց նկատմամբ այս դեպքում առանց դիմում է վարույթ հարուցվում: Դուք վստահ եք, չէ՞, որ բոլոր գործերով չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է: Դա քրեական վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է: Ես ինքս հաղորդում էի ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի գործողությունների, վիրավորական արտահայտությունների հետ կապված և պահանջել էի հարուցել քրեական գործ սուտ մատնության հիմքով: Եթե իրենք մեզ մեղադրում էին առերևույթ պետական դավաճանության մեջ, հարուցեք և քննեք այդ գործը: Մերժման հիմքում գիտե՞ք ինչ է գրված․ որ այդ անձինք եկել են և ասել, որ դա ընդամենը քաղաքական խոսույթ է: Այդ ո՞նց եղավ, որ երբ դու Նիկոլ Փաշինյանին անվանում ես դավաճան, դա վիրավորանք է, երբ իրենք են ընդդիմությանը հայտարարում նման բան, դա քաղաքական խոսույթ է: Ակնհայտ է, որ այստեղ կա երկակի ստանդարտ: Հիմա աչք փակել ու ասել՝ ամեն ինչ լա՞վ է: Իհարկե, ոչ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031