Լրահոս
Օրվա լրահոսը

Ծա՞ղր, թե՞ ռուս-ադրբեջանական գործարք Լեռնային Ղարաբաղում

Մարտ 30,2022 11:00

Սկիզբը՝ այստեղ:

ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է ոչ հասցեական հայտարարություններն ու «անհանգստության» տարբեր աստիճանների մասին վկայող տեքստերի տարածումը

Մարտի 26-ին Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց, որ Ադրբեջանը «Բայրաքթար-ՏԲ 2» է կիրառել: Գերատեսչությունը ինֆորմացիոն տեղեկագիր էր հրապարակել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ, որում ասվում էր. «Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի եւ ստեղծել դիտորդական կետ։ «Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։ Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը»: «Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետ քաշել զորքերը», – ասվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Այսինքն, ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում Ադրբեջանը «Բայրաքթարներ» է կիրառել: Մի կողմ ենք թողնում ինքնին փաստի արտառոց լինելու հանգամանքը. Ռուսաստանն ու Թուրքիան «մոնիթորինգային» կենտրոն էին բացել, իբր՝ հսկողություն պետք է իրականացնեին եւ նպաստեին կայունության հաստատմանը, սակայն, փաստորեն, Ադրբեջանի ԶՈՒ ուժերն ազատ տեղաշարժվում են, իսկ ռուսական կողմին մնում է փաստեր արձանագրել նրանց շարժի ու հարձակողական գործողությունների մասին:

Նույն օրն արդեն ռուսական կողմը «ծայրահեղ անհանգստություն» հայտնեց ԼՂ-ում աճող լարվածության կապակցությամբ: Ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար։ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ էր անում զսպվածություն ցուցաբերել եւ ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ ՌԴ ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարություն էր տարածել՝ խիստ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։

ՌԴ ԱԳՆ-ն, նկատենք, դարձյալ շարունակում է ոչ հասցեական հայտարարություններն ու «անհանգստության» տարբեր աստիճանների մասին վկայող տեքստերի տարածումը, մինչդեռ իրենց իսկ ՊՆ-ն ակնհայտ փաստեր էր ներկայացրել, որոնք փաստում էին ադրբեջանական ներխուժման ու հարձակման մասին: «Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ ամենաբարձր մակարդակով ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումը»,- նշվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Իրավիճակն Արցախի շուրջ շարունակում է լարված մնալ: Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ «Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», – նշված է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Նկատենք, որ նույնիսկ պաշտոնական Մոսկվայի հավասարակշռված հայտարարությունը զայրացրեց Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանի ՊՆ-ն ափսոսանք էր հայտնել ՌԴ ՊՆ-ի հայտարարության կապակցությամբ, որով փաստվել էր ադրբեջանցիների ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք, այդ թվում շեշտվել ադրբեջանցիների կողմից բայրաքթարների կիրառումը: Բնորոշելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը` «միակողմանի» եւ «իրականությանը չհամապատասխանող», Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե այն հակասում է 2022թ. փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի եւ երկկողմանի հարաբերությունների բովանդակությանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում հայտնել է, թե՝ «ճշտվում են դիրքերը եւ տեղակայման վայրերը»: Մյուս կողմից՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել էր, որ Բաքուն հավատարիմ է մնում 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որի 4-րդ կետին համապատասխան «դեռ չի իրականացվել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի եւ հայկական անօրինական զինված կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը»:

Բաքուն ուղղակի արձանագրեց, թե ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը եւ այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին, եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կոչ արեց՝ «ապահովել Ադրբեջանի տարածքից հայկական բանակի եւ հայկական անօրինական զինված խմբավորումների մնացորդների լիակատար դուրսբերումը», ե «չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը»:

Ահա, ռուս-ադրբեջանական դաշնակցային համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս անց Բաքուն գրեթե շանտաժի է ենթարկում ռուսական կողմին: Պաշտոնական հայտարարություններին զուգահեռ այս օրերին Ադրբեջանի փորձագիտական համայնքը, քաղաքական գործիչները գրեթե սպառնում են ռուսական կողմին, որ եթե ՌԴ-ն շարունակի նույն կերպ վարվել, ապա Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս չեզոքություն չեն պահպանի ուկրաինական խնդրում: Թեեւ, հանուն արդարության պետք է արձանագրել, որ պաշտոնական Անկարայի գործողությունները, երբեմն էլ հայտարարությունները՝ լիակատար աջակցություն են Ուկրաինային, գումարած՝ թուրքական լրատվական ու փորձագիտական համայնքների, ինչպես նաեւ՝ քաղաքական ողջ դաշտի գնահատականներն ու ՌԴ-ի ուղղությամբ սուր քննադատությունը: Պարզապես զավեշտալին այն է, որ Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ-ն դա առայժմ «չեն նկատում»:

Մայիսի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից։ Սակայն անմիջապես այս հայտարարությունից հետո ադրբեջանական համացանցային տիրույթում սկսեցին լուսանկարներ, տեսանյութեր հրապարակվել՝ մեկնաբանություններով, թե ադրբեջանական զորքերն ամենեւին էլ չեն լքել զբաղեցրած դիրքերը: Քիչ անց արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը` հայտարարելով, որ զորքերը դուրս չի բերել Փառուխից. «Փառուխ գյուղում ու հարակից բարձունքներում ադրբեջանական դիրքերում փոփոխություններ չեն եղել»:

Մարտի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Հիշեցվում էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ մարտի 27-ին հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: «Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում:

Այսպես, Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղակայվել են ադրբեջանական հենակետեր: Ավելին, Ադրբեջանը կիրառել է «Բայրաքթարներ»: Պոստ-ֆակտում՝ ռուսական կողմը, սակայն, հայտարարություններ է անում, որոնք, մեղմ ասած՝ կասկածներ են հարուցում:

Իսկ հնարավո՞ր է, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական գործարքի մասին՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտուց կամաց-կամաց տարածքներ «լուռ» հանձնելու պայմանավորվածության շրջանակներում, այլապես ինչպես բացատրել ադրբեջանցիների՝ այդ գոտում հայտնվելու փաստը: Գումարած այս ամենին, պաշտոնական Բաքուն դեռ իրեն իրավունք է վերապահում, փաստորեն, ՌԴ ՊՆ-ին ստախոսության մեջ մեղադրելու հարցում: Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր՝ ռուսական խաղաղության առաքելության նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից:

Որքան էլ Հայաստանի խորհրդարանական ուժերն իրենց սահմանափակված զգան՝ ԼՂ-ում խաղաղապահների առաքելության արդյունավետ գործունեության վերաբերյալ կասկածներ հայտնելու առումով, իսկ ոմանք էլ՝ ակնառու փաստերը բացատրեն բացառապես «Բաքվի ու Անկարայի կողմից՝ ԼՂ-ում ընդդեմ ՌԴ-ի երկրորդ ճակատ բացելու» մղմամբ, որը, իհարկե, խելքին մոտ է, փաստ է նաեւ, որ ռուսական կողմը Ադրբեջանի գործողությունները ոչ միայն համարժեք չի գնահատում, այլեւ խուսափում է հասցեական գնահատականներից ու պատասխան գործողություններից, ու այս ամենն արդեն մեր հասարակության համար անհերքելի փաստեր են՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Մարտի 28-ին երեկոյան Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքը հայտնեց. «Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար»: Հայտարարությամբ հիշեցվում էր, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փառուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը, ապա արձանագրվում էր. «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո»:

Արցախի շուրջ լարվածության հանգուցալուծման հարցում Մոսկվան մի ելք է տեսնում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում: Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում մարտի 29-ին ասել է. «Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»: Իսկ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՏԱՍՍ»-ին ասել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Եռակողմ պայմանավորվածությունները հարգելու մասին մարտի 28-ին արդեն իսկ փաստել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ասելով. «Այս պահին գլխավորը պայմանավորվածությունների իրականացման ապահովումն է»։

Արձանագրենք նաեւ, որ այն բանից հետո, երբ վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների անհրաժեշտության մասին խոսեցին՝ Մոսկվան, փաստորեն, դարձյալ եռակողմ ձեւաչափն է կարեւորում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հեղինակի և այլ «փորձագետ» քաղաքացիների այս կարգի արձագանքը պարոն Աբրահամյանն իր վերջին խմբագրականներից մեկում անվանել էր «հուզական» (https://www.aravot.am/2022/03/30/1256790/): Ձեր թերթում այդպիսի արձագանքների հրապարակումը նաև կարող եք անվանել բազմակարծության դրսևորում: Իմ կարծիքով, դա կլիներ բազմակարծության դրսևորում, եթե արձագանքի հեղինակը լիներ «Առավոտի» հետ կապ չունեցող մի հասարակ քաղաքացի, կամ քաղաքական գործիչ, կամ Հովսեփ Խուրշուդյանի ու Կարեն Օհանջանյանի նման ՀԿ ներկայացուցիչ: Սակայն եթե հեղինակը «Առավոտի» աշխատակիցն է, ապա հոդվածն ընկալվում է որպես թերթի դիրքորոշում: Ես, որպես թերթի մշտական ընթերցող, չեմ ուզում ձեր թերթը կարդալիս ինձ զգալ «Սասնա ծռերի» հանրահավաքում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031