Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ» կամ «վատ» չկա, կարեւորը շահերն են

Մարտ 30,2022 10:00

Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված մեր քաղաքացիների արձագանքները զուտ հուզական են. «Ռուսները վատն են՝ նրանք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցելով, ցանկանում են հայաթափել Արցախը»: Կամ հակառակը՝ «ռուսները լավն են՝ ադրբեջանցիները նրանց խաբում են, բայց, միեւնույն է, նրանք մեր կողքին են»: Այդպիսի դատողություններ կարելի է լսել ոչ միայն շարքային քաղաքացիներից, այլեւ «փորձագետներից» եւ քաղաքական գործիչներից: Ընդ որում, առաջին մոտեցումը («ռուսները վատն են») սովորաբար ուղեկցվում է «լավերին» մատնանշելով. «Տեսա՞ք, ինչ հզոր հայտարարություն արեցին Բայդենը եւ Մակրոնը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին»:

Մինչդեռ ինձ թվում է, որ քաղաքական վերլուծությունը պետք է հիմնված լինի ոչ թե հուզական ընկալումների վրա՝ թե ով է «լավը» կամ «վատը», այլ հաշվեկշռի՝ ով ինչում է շահագրգռված եւ ով ինչ հնարավորություն ունի: Պարզ է, որ եթե ռուս խաղաղապահները հեռանան, ապա, հաշվի առնելով մեր բանակի վիճակը եւ Հայաստանի ղեկավարության ռազմական եւ դիվանագիտական «տաղանդները», Արցախին իսկապես հայաթափման վտանգ է սպառնում: Խաղաղապահների բացակայության դեպքում Ադրբեջանն առաջ կմղի իր զինված ուժերը եւ, եկեք իրար դառը ճշմարտությունն ասենք՝ լուրջ դիմադրության չի հանդիպի: Ժամանակի ընթացքում Արցախում գուցե հայ չմնա, բայց մեր բնակչությանը կբացատրեն, որ դրանում մեղավոր են «նախկինները», եւ բնակչության մեծամասնությունն այդ բացատրությունը կընդունի:

Բայց եկեք հարցին նայենք Ռուսաստանի կողմից: Արդյո՞ք այդ երկիրը նման սցենարի մեջ շահագրգռված է: Խաղաղապահները Մոսկվայի համար Ադրբեջանի վրա ազդելու միակ լծակն են: Հայաստանի վրա, բացի Արցախից, Ռուսաստանն ազդելու բազմաթիվ այլ լծակներ ունի. թիվ 102 ռազմաբազան, գազը, էլեկտրական բաշխիչ ցանցերը, ատոմակայանը, արդյունաբերական մի շարք ձեռնարկություններ եւ այլն: Ադրբեջանում նման խնդիրներ չկան. եթե Արցախում ռուս խաղաղապահներ չլինեն, ապա Ադրբեջանը վերջնականապես դուրս կգա Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ Թուրքիայի հետ միասին կդառնա փաստացի միասնական պետություն: Մոսկվան միջամտել էր 44-օրյա պատերազմի վերջին պահին (երբ մեր պարտությունն ակնհայտ էր) հենց այդ պատճառով՝ ցանկանում էր ռազմական ներկայություն ունենալ եւ թույլ չտալ, որ ռուս-թուրքական սահմանն անցնի Դաղստանի մոտով:

Բայց մի բան է Ռուսաստանի ցանկությունը, մեկ այլ բան՝ իրական հնարավորությունները: Դրանք վերջին մեկ ամսում զգալիորեն կրճատվել են, եւ պատճառը Պուտինի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած խելահեղ պատերազմն է: Այնպես որ` բացառված չէ այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը ստիպված կլինի զիջել Թուրքիային՝ փոխարենը ստանալով Ուկրաինայի հետ պատերազմից դուրս գալու քիչ թե շատ ընդունելի տարբերակ:

Բնական է, որ մենք աներկբայորեն շահագրգռված ենք, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում: Հակառակ դեպքում Բայդենի կամ Մակրոնի «հզոր» հայտարարությունները մեզ չեն օգնի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031