Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյի հայազգի Նապոլեոնի մասին՝ արդեն հայերեն

Մարտ 30,2022 13:00

Պատմաբանասեր, կինոպատմաբան Արծվի Բախչինյանը արխիվներից օգտվելով՝ հետաքրքիր բացահայտումներ է արել Ռուբեն Մամուլյանի մասին

«Այս թեմայով ես զբաղվել եմ 25 եւ ավելի տարիներ առաջ: Երբ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել հայերի ներդրումը՝ համաշխարհային կինոյում, տեսա, որ կինոյի հայրերից մեկը եղել է մեր հայրենակիցը, ամենամեծ նպաստը հայազգի կինոգործիչներից համաշխարհային կինոլեզվի զարգացման մեջ կատարել է Ռուբեն Մամուլյանը»,- «Առավոտի» հետ զրույցում իր նորատիպ՝ «Ռուբեն Մամուլյան. արվեստագետը եւ հայը» գիրքը ներկայացնելիս՝ նշեց պատմաբանասեր, կինոպատմաբան Արծվի Բախչինյանը:

«Մամուլյանին անվանում էին յոթերորդ արվեստի՝ այսինքն կինոյի հայրերից մեկը, կինոյի Նապոլեոն, որն առաջին գունավոր ֆիլմը ստեղծեց: Նա մինչ այդ էլ ամերիկյան թատրոնն էր հեղափոխել իր կարեւոր ստեղծագործական գյուտերով, նրան անվանում էին Բրոդվեյի ծանր հրետանի: Շատ տրամաբանակ էր, որի մասին գրում էին, երբ Հոլիվուդում մի գեղարվեստական հեղափոխություն է տեղի ունենում, դա պետք է ղեկավարի Ռուբեն Մամուլյանը:


Այսօրվա դրությամբ, եթե չեմ սխալվում, Մամուլյանի մասին կա անգլերեն՝ 5, իտալերեն՝ 2, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն՝ մեկական աշխատություն, բայց ոչ մի հայերեն: Դեռեւս 1934 թ., մի հայ մտավորական գրել է, որ մի ամբողջ հատոր է պետք վերլուծելու Մամուլյանի արվեստը եւ այն կատարները, որը նա հաղթահարել է: Եվ դա 1934-ին է գրել, երբ Մամուլյանն իր գործունեությունը նոր էր սկսել:

Իմ այս աշխատությունը նման մի հատոր ստեղծելու առաջին փորձն է: Սա զուտ կինոգիտություն չէ, այստեղ պատմաբանասիրական մեծ աշխատանք եմ կատարել: 1994 թվականից մինչեւ հիմա պարբերաբար գրել եմ Մամուլյանի մասին: Այս ընթացքում ասպարեզ իջավ նաեւ Մամուլյանի մասին Սվետլանա Գուլյանի ռուսերեն աշխատությունը, որ ես եմ գրախոսել: Բայց այս գիրքը վաղուց էր պատրաստ, եւ բարեբաստիկ պահը եկավ, ու Գրականության եւ արվեստի թանգարանից ինձ առաջարկեցին որեւէ պատրաստ աշխատություն ներկայացնել հրատարակության: Դա շատ տեղին էր, քանի որ Մամուլյանի մոր եւ հոր, նաեւ Մամուլյանից որոշ չափով արխիվ գտնվում է այդ թանգարանի թատերական բաժնում:

Նաեւ 2003 թ., երբ ես ԱՄՆ-ում էի, չէի կարող առիթը բաց թողնել եւ չգնալ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարան, որը ստացել էր Մամուլյանի ողջ արխիվը` 109 տուփ: Ես երեք օրով էի այնտեղ, եւ չէի կարող այդ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ ուսումնասիրել, բայց բավական էական բաներ քաղել: Ընդհանրապես, սա անսպառ թեմա է»,-հայտնեց կինոպատմաբանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ մինչեւ հիմա մասնագետները նայել եւ մանրամասն վերլուծել են Մամուլյանի ֆիլմերը, ինքը եւս իր տպավորությունները գրել է, փորձել է ցույց տալ նրա ռեժիսորական հարուստ երեւակայությունը, նրա լուծումները՝ դրամատիկական, երաժշտական գործողությունների. «Բայց քանի որ ինքս հայագետ եմ, ինձ համար այդ պահն էր կարեւոր՝ բացահայտելու նրա նախնիներին: Ես այնքան խորացա եւ պարզեցի, որ նրա նախնիներից մեկը կաթողիկոս Հովհան Օձնեցին է, որ պապը նախիջեւանյան ծագում ուներ եւ Ցղնա գյուղից էր, որ նախապապերից մեկը Սունդուկյանի Պեպոյի կերպարի նախատիպ է եղել, փորձել եմ նաեւ նրա մոր ստեղծագործական դիմանկարը ստեղծել: Մամուլյանի մայրը՝ Վերժինե Մամուլյանը, հայտնի հանրային գործիչ եւ դերասանուհի էր»:
Խնդրեցինք մեկ-երկու հետաքրքիր դրվագ ներկայացնել, որոնք զետեղված են նաեւ գրքում:

«Ամբողջ աշխարհում ընդունված է խոսել հանդուրժողականությունից, ընդդեմ ռասիզմի պայքարից: Հետաքրքիր է, որ Մամուլյանը դեռեւս 20-ականների վերջին, երբ սեւամորթներին չէին թույլատրում լինել սպիտակամորթների հետ միասին հանրային վայրերում, առաջին անգամ Բրոդվեյի պատմության մեջ սեւամորթներից բաղկացած մի ամբողջ խումբ է բեմ հանել: Նրան հաջողվեց բեմադրել «Փորգի եւ Բես» ամերիկյան առաջին ժողովրդական օպերան:

Փորձել ենք պարզել, թե ինչպես եղավ, որ Հոլիվուդը, որտեղ շատ չգրված օրենքներ կան, այս հայորդին կարողացավ այսքան մեծ հաջողություններ ունենալ, երբ հրեա մագնատներն իրենց հայրենակիցներին էին առաջ մղում… Մամուլյանը մեծ տաղանդ էր, որի առաջ անհնար էր չընկրկելը, բացի այդ, սա այն դեպքն է, որ ճիշտ մարդը ճիշտ տեղում է հայտնվել: Ինքն էլ էր միշտ ասում, որ բախտը բերել է: Իսկապես նրա վերելքի, կարիերայի պատմությունը վեպի պես է կարդացվում»,-ասաց Արծվի Բախչինյանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչ հետաքրքիր լուսանկարներ է զետեղել իր գրքում: «Արխիվներում այնքան հետաքրքիր նյութեր կային, որոնք բոլորը հնարավոր չէր ներառել գրքում: Օրինակ, ես այստեղ օգտագործել եմ իր վաղ մանկության լուսանկարը, որ թանգարանի արխիվում է, հատկապես ցանկացել եմ հայ գործիչների հետ՝ Բաբաջանյան, Սարյան, Երվանդ Քոչար, լուսանկարներ զետեղել: Ռուբեն Մամուլյանը 1971 թ. մի քանի օրով եղել է Երեւանում եւ հասցրել է հանդիպումներ ունենալ: Նրա հայերեն ձեռագրերի լուսանկարներն եմ գտել, ինչպես նաեւ իմ ընկերուհի Անահիտ Արամունի Քեշիշյանն է իր արխիվից տրամադրել մի լուսանկար, որտեղ ինքը Լոս Անջելեսի համալսարանում լուսանկարվել է Մամուլյանի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կինոպատմաբանը հավելեց, որ իրեն խոստացել են տրամադրել Մամուլյանի անտիպ հուշերը, որոնք ժամանակ կգտնի թարգմանելու հայերեն, ծանոթագրելու եւ ներկայացնելու ընթերցողներին: Նրա խոսքով, Մամուլյանն այն հայազգի գործիչներից չէ, որոնք միայն անունով են հայ եւ հայկական հետաքրքրություններ չունեն. «Իհարկե, ինքն իր արվեստով կապ չունի հայության հետ, պատվերով նկարահանել է իրեն առաջարկած սցենարները, ու հազար ափոսոս, որ ձախողվել է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը նկարելու» ծրագիրը, բայց Մամուլյանն ամբողջ կյանքում բարձրաձայնել է իր հայությունը, օգնել է իր հայրենակիցներին, նույնիսկ փորձել է 1930-ականներին կապեր հաստատել հայ կինոյի հետ, որտեղ իրեն առաջարկում են ֆիլմ նկարել: Այս ամենը նրան՝ որպես հայ, մեզ ավելի է մոտեցնում, բարձրացնում, ուստի եւ մենք նրա այդ պահը հայերով պետք է աշխարհով մեկ բարձրաձայնենք»,-ընդգծեց Արծվի Բախչինյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արծվի Բախչինյանը

«Առավոտ» օրաթերթ
29.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031