Գրքի տպագրության եւ վաճառքի ոլորտի մասնագետները բարձրաձայնում են իրենց խնդիրները, որոնք, մեծ հաշվով, վերջին 30 տարիների ընթացքում նույնն են մնացել, որտեղ ըստ էության հարցերի հարցը եղել եւ մնում է գրքի վաճառքը։ Համաձայնելով մասնագետների հետ, ներկայացնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանում տիրող իրավիճակը, երբ գրքի վաճառքը ճգնաժամ էր ապրում, գրքերը տարիներով մնում էին գրախանութներում, իսկ գրքասերներին էլ «ճրագով» էին փնտրում։
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը մի հետաքրքիր պատմություն ներկայացրեց. «1950-ականներին Երեւանի Լենինի հրապարակում գործող կենտրոնական գրախանութը ունեցավ 100 տոկոսանոց վաճառք։ Լուրը հասավ Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվա։ Համապատասխան մարմինները որոշեցին փորձի փոխանակման նպատակով հրավիրել գրախանութի վարիչին։ Տարիքն առած մարդ էր գրախանութի վարիչ ընկեր Փանոսը՝ Եղիշե Չարենցի մտերիմ բարեկամը։ Ճիպոտի նման նիհար, բարձրահասակ ու հմայիչ մարդ էր նա, չափազանց կարդացած, զարգացած մտավորական, բայց երեխայի պես միամիտ ու անմիջական։
Ընկեր Փանոսը հրավիրվում է Մոսկվա, որտեղ Գրողների տան դահլիճում նրա հետ հանդիպում է կազմակերպվում։ Ներկաներից մեկի հարցին, թե ո՞րն է 100 տոկոսանոց վաճառքի գաղտնիքը, ընկեր Փանսոն անկեղծորեն պատասխանում է, թե ոչ մի գաղտնիք չկա ու պատմում է, որ Եգիպտոսից հայրենադարձվել է հրաշալի երգչուհի Գոհար Գասպարյանը ու նրան լսելու ցանկությունն այնքան մեծ է, որ թատրոնի տոմսարկղի մոտ գիշերային հերթեր են գոյանում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի համապատասխան բաժինը ստիպված էր տոմսերի վաճառքը իր հսկողության տակ վերցնել։ Փանոսի բարեկամը, որը աշխատում էր այդ կառույցում, նրան տրամադրում է տոմսերի մեծ քանակ։ Փանոսն էլ երգչուհու համերգների եւ նրա մասնակցությամբ ներկայացումների յուրաքանչյուր տոմսի հետ վաճառում է անպետք ու չվաճառվող գրքեր։ Դահլիճից հետաքրքրվում են, թե ինչ գրքեր են դրանք։ Գրախանութի վարիչն էլ անկեղծորեն պատասխանում է՝ Լենինի հատորները, Մարքսի «Կապիտալը»… »։
Դիտարկմանը՝ կարելի է պատկերացնել, թե դրանից հետո ընկեր Փանոսի կյանքը ինչ դժոխքի է վերածվել, պարոն Առաքելյանը շարունակեց պատմությունը. «Լուրը անմիջապես հասնում է Երեւան։ Զանգահարում են ու հանձնարարում քննության առնել հարցը եւ ընկեր Փանոսին ենթարկել կուսակցական պատժի։ Բնականաբար, գրախանութի վարիչին կանչում են Կենտկոմ։ Այս պահին չեմ մտաբերում, թե լուրը ով է կայծակնային արագությամբ հասցնում Գոհար Գասպարյանին, եւ նա, կանխատեսելով վտանգը, ուղիղ գնում է Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի մոտ ու խնդրում մեղմ վարվել ընկեր Փանոսի հետ։ Քանի որ Գոհարն էլ չափազանց միամիտ էր, Գրիգոր Հարությունյանին ասում է, թե Փանոսը անմեղորեն ճշմարտությունն է ասել, ինչի վրա Հարությունյանը մի լավ ծիծաղում է ու ասում՝ Գոհար Միխայլովնա, ինչ միամիտն եք, խոստանում եմ՝ մեղմ կվարվենք, հանգիստ եղեք։ Արդյունքում ընկեր Փանոսին հայտարարվում է ընդամենը բանավոր նկատողություն»։
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2022