Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրում եմ ընկերոջս՝ Արցախի հերոս Էդգար Մարկոսյանին

Մարտ 30,2022 12:00

Էդը

Պատերազմը տուն էր մտել…

Օդից կախված ստվերը խոստումների կարիք չուներ։ Դրանից հետո միայն լույսն էր, որ խուտուտ էր տալիս հողին։ Առաջին անգամ։ Մենավորի պես։

Հողը տղաների սրտխփոցը լսում է։ Անձայն։ Սպասումով։

Առավոտ շուտ տղերքը դիրքավորվեցին։ Երկու ժամ հետո մի նոր եղանակ ստեղծվեց. հրետակոծություն։ Էդի հայացքում փոփոխություն չկար։ Գիտեր՝ ինչ պետք է անի։ Լույսին արկեր էին խառնվել, իսկ հեռվից տանկերն իրենց դիրքի ուղղությամբ էին շարժվում. թիրախը րոպեների ընթացքում ոչնչացվում էր։ Տղերքն են, դե՛, ուրիշ բան չէ՛ր էլ կարող լինել։

Երկիր. պատ… երազ մը։ Պատերազմը տուն էր մտել՝ հայրենիք։

Դիտակետից հեռացավ, որ դիրքը չթիրախավորեն։ Համլետի հետ նորից զբաղեցրին դիրքը։ Գրադի արկերը, «Կամիկաձեն» հանգիստ չէին տալիս։ Կործանիչն էլ մի կողմից։ Առաջին տանկը Էդը խոցեց։ Երկրորդը դեպի գյուղն էր շարժվում, անմիջապես նկատեց նրա գտնվելու վայրը եւ թեքվեց Էդի կողմն ու նշանառության տակ առավ։ Կյանքի ու մահվան միջանցքում էր։ Ապրելուց մի քանի րոպե էր պակաս։

– Է՛դ, արագ արի՛,-ասաց ընկերը։ «Կամիկաձեն» էլ հետեւից էր մոտենում: Արագ գործելը փրկության կեսն էր։ Անտառում մի փոս կար, վազեցին ու նետվեցին այդ փոսը։ «Կամիկաձեն» իրենցից մոտ տասը մետրի վրա խփեց, իսկ մյուսը պտտվում էր գլխավերեւում: Ապրելու խոռոչը լայնանում է, կամաց-կամաց՝ անհետաձգելի կերպով նորից նեղանում։ Պահը փնտրտուքի համար չէր, այլ՝ գործելու: Տանկը փորձում էր գյուղ մտնել։ Տղերքը վազելով հետ գնացին։ Արկերի «պարահանդես» էր երկնքում ու երկրի վրա։ Էդը սպասելու ժամանակ չուներ։

-…Վեց, յոթ, ութ, ինը, տասը,-մոտավոր հաշվարկն արեց. տասը վայրկյանում պետք է հրթիռը տանկին հասներ։

-…Երեք, չորս, հինգ, վեց,-հրթիռն արձակելուց հետո ժամացույցով սկսեց հաշվել ու վեր կացավ տեղից։ Օպտիկայի միջոցով տեսավ, որ փողն ուղիղ իր կողմն էր ուղղված, բայց տանկից հրթիռը տեսել ու փորձում էին փախչել:

Վերջին պահին Էդը հրթիռն ուղղեց տանկի վրա, ճիշտ այն հատվածին, որտեղ տանկի արկերն են: Ոչ մի պայմանականություն, ոչ մի մոտավոր քայլ։ Տանկը պայթեց։

Պատ… երազ մը։ Հող մը: Պատերազմը տնից դուրս չէր գալիս։

Էդը մեջքի հատվածում վնասվածք ստացավ։ Ոչ այնքան ծանր էր տանում իր վիճակը, ինչքան որ ընկերների կողքին չլինելու փաստը։ Մտքերով իրենց հետ էր։ Անփոփոխ։ Հայացքում պատերազմի հետ նորից էր կռվում։

-Է՛դ, վիրավորվե՞լ ես…
-Չէ՛, հրթիռների պատճառով մեջքս ի վերջո «ատկազ արեց»։

Երկիր մը։ Երկինք մը։ Այս պատերազմը տնից դուրս գալ չի ուզում։

Էդը հայացքով հետեւում է մարդկանց, լույսերի, ժպիտների ու արցունքների անցուդարձին։ Եռաբլուրում զրուցում է ընկերների հետ։ Նրանց լռությունը կյանքի շարունակությունն է:

Էդը մեր կողքին է։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ.Գ. Էսսեն գրել եմ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, Արցախում: Միայն վերջերս պատերազմական օրագրիս երկրորդ մասը բացելու համարձակություն ունեցա:

«Առավոտ» օրաթերթ
29.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031