Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Նավասարդյանը հայ ժողովրդի ապագան կապում էր միացյալ Հայաստանի հետ

Մարտ 30,2022 14:00

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական գործիչ, 1990 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ. մարտի 28-ին: Ավարտել է ԵՊՀ` իրավագիտության ֆակուլտետը: Եղել է ընդհատակյա ԱՄԿ (1968) եւ խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի ցեղակրոն գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։

Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի:

Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային եւ հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ եւ երրորդ անգամ։


1987 թվականին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990թ. օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով:

«Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին, Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»:

Ձեզ ենք ներկայացնում ԽՍՀ քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի խոսքը:

Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ. մի դրվագ մեր անցած ճանապարհից

…1971-ի հուլիսին Աշոտ Նավասարդյանը վերադարձավ առաջին կալանքից: Երեւանի փողոցներում քայլում ու խոսում էինք ԱՄԿ-ից, իր կալանքի տարիներից: «Մոսկվա» կինոթատրոնի մոտ որոշեցինք սուրճ խմել: Մտանք նկարիչների սրճարանը:

Այսօր Երեւանում բազմաթիվ սրճարաններ կան: Սրճարան ընտրելիս հիմա նկատի ես ունենում, թե քաղաքի որ հատվածում է այն գտնվում կամ՝ թե այնտեղ ինչ են մատուցում: Իսկ այն ժամանակ սրճարան ընտրելիս մտածում էիր, թե որ գրողին, որ նկարչին ես ուզում հանդիպել: Սրճարան այցելելը չպայմանավորված ժամադրության գնալու պես մի բան էր այն ժամանակ: Մի խոսքով, մտանք Նկարչի տան ու «Երեւան» հյուրանոցի միջեւ գտնվող սրճարանը: Այնտեղ նկարիչ Հակոբ Գալստյանին տեսանք: Երեքով մի քիչ զրուցեցինք, Հակոբը մի րոպե խնդրեց, գնաց ու եկավ մի տղայի հետ` Ռաֆիկ անունով, որ նույնպես նկարիչ էր: Ռաֆիկն էլ մի րոպե խնդրեց, գնաց ու եկավ Հակոբջան անունով մեկի հետ: Այդպես մենք ծանոթացանք Հակոբջան Թադեւոսյանի ու Ռաֆիկ Ղարագուլյանի հետ, որոնք 68-ի դատապարտվածներից էին:

Մթնոլորտն այնքան առինքնող էր, որ հենց սրճարանում սկսեցինք հայրենասիրական երգեր երգել: Մուտքի դուռը փողոցի կողմից երիզող խաղողի վազի տակ Հովհաննես Շիրազը երեւաց: Հրավիրեցինք մեզ մոտ: Իմացավ, որ Աշոտը սիբիրյան կալանքից է վերադարձել, մոտեցավ, Աշոտի ձեռքը համբուրեց: Իր սեղանը թողնելով, բաժակը ձեռքին մեզ մոտեցավ Լեւոն Ներսիսյանը, շնորհակալություն հայտնեց:

Չեմ մոռանում նրա խոսքը. «Տղաներ, – ասաց,- ես մեծ բավականություն ստացա: Հասկացողը հասկացավ, իսկ թշվառականը թող շարունակի իր ճանապարհը»: Ու խմեց մեր կենացը:

Մի խոսքով, շատ լավ օր անցկացրինք: Հետագայում ճամբարային մի օր, թեյախմության ժամանակ ես այլազգի ընկերներիս պատմեցի այդ օրվա մասին:

Հրճվանքով, հիացմունքով էին լսում ինձ: Նրանց դեմքի արտահայտությունից զգացի, թե որքա՛ն կուզեին, որ նման դեպք իրենց քաղաքում պատահած լիներ……

«Առավոտ» օրաթերթ
29.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031