Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «աջակցում եմ հատուկ գործողությանը»

Մարտ 30,2022 14:30

Խորհրդային ավանդույթները եւ մտավորականների առջեւ դրված մարտահրավերները

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն աջակցում է իր երկրի «հատուկ գործողությանը» Ուկրաինայում: Ի դեպ, գնալով, «հատուկ գործողություն» մեղմասացությունը, «էվֆեմիզմը» զավեշտալի է դառնում. նման «գործողությունները» պետք է տեւեն ժամեր, ծայրահեղ դեպքում՝ օրեր: Բայց երբ «գործողությունը» շարունակվում է մեկ ամիս, դա արդեն երկար, շարունակական գործընթաց է: Չնայած Կրեմլում ասում են, որ ամեն ինչ այդպես էլ նախատեսված է, ճիշտն ասած, հավատս չի գալիս. «հատուկ գործողության» ժամանակ այդքան զոհեր եւ կորուստներ չեն նախատեսվում:

Բայց «միահամուռ աջակցությունը» կա, եւ, ըստ որոշ տվյալների, այն հասնում է 68 տոկոսի: Կարծում եմ, ընկերաբաններն իսկապես նման թիվ են ստանում, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս է այդ թիվն առաջանում: Երբ խորհրդային շրջանում հարցումներ էին անցկացվում գործարանում՝ օրինակ, «ինչպես եք դուք անցկացնում ձեր ազատ ժամանակը», մարդիկ պատասխանում էին, որ գնում են թատրոններ, այցելում են թանգարաններ, կարդում են գեղարվեստական գրականություն: Հետո ամենայն «բարեխղճությամբ» այդ թվերը հրապարակվում էին: Բայց արդյո՞ք դրանք արտացոլում էին մարդկանց իրական գերապատվությունները: Ամբողջ խնդիրն այն է, որ հարցերը կառուցվում են այնպես, որ այլ կերպ պատասխանելը կնշանակի լավագույն դեպքում՝ դուրս գալ հարմարավետության գոտուց, իսկ վատագույն պարագայում՝ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Մի երկրում, որտեղ արգելված է «պատերազմ» բառը, պետք է որոշակի քաղաքացիական արիություն ունենալ՝ «ես դեմ պատերազմին» ասելու համար: Եվ հետեւաբար, եթե միջին ռուսաստանցուն հարցնում են՝ «արդյոք դուք աջակցո՞ւմ եք Ուկրաինայի դենացիֆիկացիային եւ դեմիլիտարիզացիային ուղղված հատուկ գործողությանը» (գուցե հարցն այդպես չէ ձեւակերպված, բայց ենթատեքստը դա է), ապա սովորական մարդը դժվար թե ասի՝ «ոչ», որովհետեւ հակառակ դեպքում կստացվի, որ նա նացիստ է եւ միլիտարիստ:

Իհարկե, իրենց դերն են խաղում նաեւ խորհրդային ավանդույթները, դրանց ստեղծած կարծրատիպերը: «Ես, ինչպես եւ ամբողջ խորհրդային ժողովուրդը..», – այդպես էին «Վրեմյա» ծրագրում սկսում իրենց նախօրոք գրված ելույթները աշխատավոր բանվորության, գյուղացիության եւ մտավորականության ներկայացուցիչները: Նրանք կարող էին «միահամուռ ողջունել» «թանկագին Լեոնիդ Իլյիչի» հերթական ելույթը կամ «միահամուռ դատապարտել» որեւէ «отщепенец»-ի (այսինքն՝ «ամբողջ խորհրդային ժողովրդից» իրեն դուրս դրածի) «հակասովետական» վարքը: Հիմա էլ Պուտինը, նրա վարչակազմի ներկայացուցիչներն ու քարոզիչները «անարգանքի սյանն» են գամում «Արեւմուտքին ծախված», «հայրենիքին դավաճանած» հանրային դեմքերին, որոնք համարձակվում են դատապարտել պատերազմը:

Այն ռուսաստանցիների մեծամասնությունը, որոնց մենք տեսնում ենք Երեւանի փողոցներում (հիմնականում 40-ից ցածր տարիքի), ենթադրում եմ, որ չեն մտածում այդ կոնֆորմիզմի կատեգորիաներով, եւ պատահական չէ, որ նրանցից ոմանք ցույց են անում իրենց դեսպանության առջեւ՝ բողոքելով պատերազմի դեմ: Մեր այդ հյուրերի հիմնական զանգվածն այլ՝ «ոչ խորհրդային» մշակույթի ներկայացուցիչներ են:

Բայց պետք է արձանագրել նաեւ, որ անգամ խորհրդային տարիներին ոչ բոլորն էին «միահամուռ դատապարտում» կամ «միահամուռ» ողջունում: Եվ խոսքս տվյալ դեպքում այլախոհների մասին չէ. փառք ու պատիվ նրանց, բայց այստեղ ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք քաղաքական կամ, առավել եւս՝ «հակասովետական» նպատակներ չունեին, բայց առաջնորդվում էին զուտ իրենց խղճով եւ մարդկային արժեքներով: Այդպիսին էր, օրինակ, աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, որն իր ամառանոցում ապաստան էր տվել Սոլժենիցինին եւ Բրեժնեւին նամակ էր գրել՝ ի պաշտպանություն գրողի՝ շատ լավ իմանալով, որ խորհրդային իշխանություններն իրեն դրա համար պատժելու են եւ, մասնավորապես, այլեւս չեն թողնի արտասահման հյուրախաղերի: (Ի դեպ, «Սովետն» ավելի հեռուն գնաց եւ, ի վերջո, նրան ու կնոջը զրկեց Խորհրդային քաղաքացիությունից): «Ռուս մտավորական» հասկացությունը հիմա վարկաբեկվում է, եւ, կարծում եմ, որ դա արվում է նաեւ հատուկ՝ բարոյական ցածր ստանդարտները եւ ծայրահեղ կոնֆորմիզմն արդարացնելու համար: Բայց դա կարեւոր երեւույթ է նաեւ մեր՝ հայկական մշակույթի համար. նրանք մարդիկ են, որոնք, անկախ ազգությունից եւ մասնագիտությունից, կարողացել են ու կարողանում են պահպանել մարդկային դեմքը ստալինյան, բրեժնեւյան եւ պուտինյան Ռուսաստանում:

Խորհրդային Ռուսաստանի եւ Խորհրդային Հայաստանի, պուտինյան Ռուսաստանի եւ ժամանակակից Հայաստանի միջեւ զգալի տարբերություններ կան: Բայց կան նաեւ նմանություններ, որոնք մտածող մարդկանց առջեւ դնում են միեւնույն պահանջները՝ չձուլվել մեծամասնությանը, չվախենալ, եւ, մյուս կողմից, չնեղանալ նրանից: Պարզապես գնալ սեփական ճանապարհով:

…Հոգեբան Ալեքսանդր Ասմոլովը, հենց այդ «միահամուռ աջակցության» թեմայի համատեքստում, հիշելով 70-ականների լճացման տարիները, մեջբերում է բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու խոսքերը՝ «Ես, Բելլա Ախմադուլինան, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եվգենի Եվտուշենկոն՝ մենք 4 հոգի ենք, մենք շատ ենք»: Ինձ թվում է, «մենք» էլ Հայաստանում քիչ չենք: Ասելով՝ «մենք», նկատի ունեմ ոչ թե նրանց, ովքեր մտածում են ինձ նման, այլ նրանց, ովքեր կարծում են, թե կարելի է մտածե՛լ ցանկացած ձեւով: Այդ առումով մենք «համախոհներ» ենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031