Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կարող է խաբել ոմանց որոշ ժամանակ, սակայն չի կարող խաբել բոլորին մշտապես

Մարտ 29,2022 23:57

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր կեղծավոր խաղը երկու հակամարտող կողմերի միջև, ձևանալով որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ՝ իր լարախաղացությունից առավելագույն օգուտ քաղելու համար։

Այնուամենայնիվ, Թուրքիան չի կարող երկար ժամանակ խաղալ այս խաղը՝ մինչև ճոճվող պարանից երեսնիվայր ընկնելը: Տասնամյակներ շարունակ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, խախտել է նրա սկզբունքները, խնդրահարույց զենքեր գնել Ռուսաստանից՝ հանդես գալով որպես արևմտյան ռազմական ճամբարի անդամ, հրաժարվել է աջակցել կազմակերպության հավաքական որոշումներին և արժանացել պատժամիջոցների ՆԱՏՕ-ի իր գործընկեր ԱՄՆ-ի կողմից։

Թուրքիան նույն անկայուն դերն է խաղացել որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ խախտելով կազմակերպության հիմնական կանոնները, այդ թվում՝ բազմիցս հրաժարվելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այսքանից հետո նախագահ Էրդողանը դեռ հանդգնում է բողոքել, որ Թուրքիային թույլ չեն տալիս անդամակցել Եվրամիությանը։ Իրականում, նրան նույնիսկ չպետք է թույլ տան մնալ Եվրոպայի խորհրդում։ Ափսոս, որ ՆԱՏՕ-ն որևէ դրույթ չունի իր անդամ երկրներից մեկին վտարելու համար։ Զարմանալիորեն, թուրք ղեկավարները դիմել են ՄԱԿ-ին՝ իրենց երկիրը դարձնելու վետոյի իրավունք ունեցող Անվտանգության խորհրդի վեցերորդ մշտական ​​անդամը:  Սա  չպետք է երբեք թույլ տալ: Դա կլինի ՄԱԿ-ի վերջը:

Միևնույն ժամանակ, Թուրքիան Ուկրաինայի պատերազմում շարունակում է իր երկերեսանի «չեզոքությունը» ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և չի փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Թուրքիան ձեռնպահ մնաց, մինչդեռ Եվրախորհրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Թուրքիան այնուհետև շրջվեց և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մարտին երկու անգամ քվեարկեց Ռուսաստանին դատապարտող բանաձևի օգտին՝ Ուկրաինա ներխուժելու համար։

Ավելին, ՄԱԿ-ի իր ելույթում Թուրքիայի դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն կատաղի հարձակում գործեց Ռուսաստանի վրա։ Սինիրլիօղլուն ասաց, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի «բացահայտ խախտման» արդյունք է՝ այն որակելով որպես «անընդունելի»։ Այնուհետև նա հավելեց. «Մեր կողմից, մենք չենք հրաժարվի Ուկրաինայի մեր եղբայրներից և քույրերից»: Այս խոսքերը վկայում են այն մասին, որ Թուրքիան չեզոք չէ այս պատերազմում։

Մինչ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը սուր քննադատության էր ենթարկում Ռուսաստանին, թուրք գործարար Էթհեմ Սանջաքը՝ նախագահ Էրդողանի ամենամոտ քաղաքական դաշնակիցներից մեկը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի անդամը, այցելեց Մոսկվա և ասաց ռուսական RBC հեռուստաալիքին, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի վաճառքը մեծ սխալ էր: Սանջաքը նաև ասաց՝ «Մենք չենք միանա պատժամիջոցներին, քանի որ եթե Ռուսաստանը ընկնի՝ Թուրքիան կմասնատվի։ Իսկ եթե Թուրքիան ընկնի, նույնը կկատարվի Ռուսաստանի հետ… Մենք դաշնակիցներ ենք Ռուսաստանի հետ»։ Սանջաքը  Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին որակեց «ամոթալի…»: Այնուհետեւ նա հավելեց՝ «ՆԱՏՕ-ն քաղցկեղային ուռուցք է»։

Բացի այդ, «փորձ ձեռք բերելով պատժամիջոցների քայքայման սադրանքներում, որոնք նախկինում խոչընդոտել էին ջիհադիստական ​​խմբավորումների և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բեռնարգելքին,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի կառավարությունն այժմ պատրաստ է կիրառել  արևմտյան  պատժամիջոցների նմանատիպ խաղը Ռուսաստանի նկատմամբ։ Հույս ունենալով գումար վաստակել իր գործարար մտերիմների համար և օգնել իր երկրի դժվարին տնտեսությանն ու ֆինանսներին՝ Էրդողանը, ըստ երևույթին, տեսավ շահույթ ստանալու հնարավորություն՝ ռուսներին փրկօղակ առաջարկելով՝ օգնելու հաղթահարել սահմանափակումները և շրջանցել պատժամիջոցները», գրել է Աբդուլլահ Բոզքուրտը Nordic monitor-ում։

Ռուսաստանին գոհացնելու համար Թուրքիան մերժեց ԱՄՆ առաջարկները Ուկրաինային փոխանցելու Ռուսաստանից գնված С-400 հրթիռային համակարգերը, որի հետևանքով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Բացի այդ, մի քանի ռուս օլիգարխներ վերջին օրերին իրենց շքեղ զբոսանավերն ու անձնական ինքնաթիռները Եվրոպայից տեղափոխել են Թուրքիա՝ խուսափելու համար արևմտյան պատժամիջոցներից։ Թուրք սյունակագիր Բահադիր Օզգուրը, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության բացահայտման գործում, ասում է, որ Թուրքիան «դրախտ է գանգստերների համար», հաղորդում է Al-Monitor լրատվական կայքը:

Թուրքիայի կողմից պատժամիջոցները տապալելու երկարատև գործողությունների արդյունքում Բայդենի վարչակազմը քաջատեղյակ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից Ռուսաստանին փրկելու թուրքական ջանքերի մասին: Ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ Կոնգրեսը այնքան էլ չեն ցանկանում Էրդողանին կողմնակից լինել, որն անընդհատ ծրագրեր է կազմում փառաբանելու իրեն և իր երկիրը՝ փորձելով շտկել իր խաթարված հարաբերությունները Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Իսրայելի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Հայաստանի հետ:

Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Բրյուսելում հերթական անհաջող փիար հնարքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ  հայտարարեց, որ հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի հետ՝ լուսանկարվելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայի կասկածելի  դիրքն  աշխարհում և սեփական ցածր վարկանիշն իր երկրի ներսում։

Չնայած Էրդողանի եռանդագին դիվանագիտական լոբբինգին, Բայդենը հրաժարվեց հանդիպել նրա հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ խափանելով նման հանդիպումից դրական փիար ձեռք բերելու նրա ակնկալիքը։ Սպիտակ տունը մերժեց Անկարայում ԱՄՆ դեսպանատան հորդորը՝ նման դեմառդեմ հանդիպման համար:

Նախագահ Բայդենը, որը երկարատև անձնական հակակրանք է ունեցել նախագահ  Էրդողանի նկատմամբ նրա հակաարևմտյան քաղաքականության պատճառով, ճիշտ արեց՝ նրան ինքնագովեստի հավելյալ հնարավորություններ չտրամադրելով այն պահին, երբ նա շարունակում է իր սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կոնգրեսում նույնպես կոշտ դիմադրություն կա Թուրքիայի նկատմամբ ցանկացած զիջողականության դեմ:

Էրդողանը մշտապես արդարացնում է իր լարախաղացությունը Արևելքի և Արևմուտքի միջև՝ հայտարարելով, որ փորձում է միջնորդական դեր ստանձնել ուկրաինական պատերազմում։ Սա ևս մեկ ապակողմնորոշիչ արդարացում է՝ իրեն և իր երկրին ոչ արժանի կարևորություն տալու Էրդողանի շահադիտական փորձերի համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031