Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում. ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը

Մարտ 29,2022 20:44

ԱՄՆ կոնգրեսականները հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության մասին

«Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիյերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ռազմական ուժերի տեղաշարժի և լարվածության աճի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի զորքերի տեղաշարժերը դեպի Արցախի տարածք, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այդ տարածքում խաղաղ բնակչության դեմ բնական գազի հիմնական աղբյուրներից մեկի օգտագործումը որպես ճնշման գործիք ակնհայտորեն խախտում է 2020 թվականի հրադադարը և սպառնում անմեղ մարդկանց կյանքերին։ Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինաչափության վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ նախագահ Ալիևի ռազմատենչ գործողություններին վերջ տալու և նրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի ներքո բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը, մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի և դրան հաջորդած ամերիկյան կողմի արձագանքների վերաբերյալ հարցին, նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո շփման գծում ստեղծված իրավիճակին։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժերը և լարվածությանը նպաստող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցերի ընթացքում վերահաստատել է այն, ինչ ասել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մարտի 21-ին և 22-ին ՀՀ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցներում, ուր պետքարտուղարը երկու կողմերին կոչ էր անում զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար։ «Հայաստանին և Ադրբեջանին ուղղակի անհրաժեշտ է օգտագործել ուղիղ կապի միջոցներ՝ անհապաղ դեէսկալացիայի համար»,- շեշտել է Ջալինա Փորթերը։

Վերջինս հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատելու իր հանձնառությանը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031