Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռները կարող են դատավորներին «պատժելու» հիմք լինել

Մարտ 29,2022 21:21

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։

Այն սահմանում է կարգապահական պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնց թույլ տված խախտումներն արձանագրվել են միջազգային դատարանի ակտով, կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ մինչեւ 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռը:

Նախագիծն, ըստ հեղինակների ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, ապա հանձնաժողովի ներկայացրած կարծիքի հիման վրա էլ այն լրամշակվել է եւ սահմանվել այլ կառուցակարգ:

Նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ  մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները:

Այժմ շրջանառության մեջ դրված լրամշակված նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան, օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս, դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում: «Նախատեսվել է, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հեղինակները նշել են՝ 15 տարվա վաղեմության ժամկետի սահմանումը ինքնանպատակ չէ: Դատական օրենսգրքի կարգավորումներով, ըստ նախագծի, կարգապահական պատասխանատվության հիմքը ոչ թե ինքնին ՄԻԵԴ վճիռն է, այլ դրանով բացահայտված մարդու իրավունքների հիմնարար խախտումը,  որը ենթակա է գնահատման Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

«Նման խախտումը չի կարող դրսեւորվել որեւէ այլ կերպ, քան դատավորի վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական որեւէ խախտում թույլ տալով: Ընդ որում, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, այս դեպքում նշաձող պետք է համարվի այն խախտումը, որը հանգեցրել է մարդու իրավունքների եւ (կամ) ազատությունների հիմնարար խախտումների եւ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այսինքն` «ակնհայտորեն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»։ Ստացվում է, որ դատավորը իր գործունեության ընթացքում պետք է կանխատեսեր, որ իր վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական նորմի խախտումը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ընդհուպ` կարգապահական պատասխանատվության հիմքով լիազորությունների դադարեցման»,-նշվում է նախագծում:

Նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է, որ վերը նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՀՀ  մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում  մեկնաբանելով այս նախագծի տրամաբանությունը, նախ նշում է՝ այս նախագիծն

արմատապես փոփոխված է։ «Նախորդ նախագծի վերաբերյալ եւ Վենետիկի հանձնաժողովի տված գնահատականները, դիրքորոշումները  համընկել են»,-ասում է Սաքունցը։ Նրա խոսքով՝ սա  հանրային շահի տեսակետից խնդրին լուծում տալու հնարավորություն է, սակայն, այնպես չէ, որ նախագիծը մեխանիկորեն եւ  հեշտությամբ իրագործվելու է։ Այսինքն՝ միայն ՄԻԵԴ վճիռն ընդդեմ ՀՀ-ի, բավարար  չէ դատավորի դեմ վարույթ հարուցելու համար․«Ամեն մի վճիռը պետք է  քննվի՝ կա՞ արդյոք դատավորի կողմից դիտավորություն, թե՞ ոչ, ակնհայտ խախտում կա՞, թե՞ ոչ։ Այսինքն՝ պետք է ուսումնասիրվի՝ արդյոք  դատավորն իր վճռով ակնհայտ խախտել է մարդու իրավունքը, մեղադրանք է առաջադրել ու դրա համար չեն եղել բավարար հիմքեր, որոշումը կայացրել է խախտելով օրենքը»։

Իրավապաշտպանի խոսքով՝ դատավորին պատասխանատվության  ենթարկելու միջնորդություն, ըստ ՄԻԵԴ վճիռների, կարող է ներկայացնի արդարադատության նախարարությունը,  որեւէ փաստաբանը կամ ՀԿ-ները եւ հարկավոր են ծանրակշիռ  հիմնավորումներ, որ դատավորի թույլ տված խախտումը ոչ թե իրավական նորմի թերության կամ մեկնաբանության հետեւանք է, այլ դատավորը միտումնավոր, գիտակցաբար  է գործել, չուներ հիմք նման որոշում կայացնելու համար, բայց կայացրել է։

«Սա արդարադատության համակարգը անբարեխիղճ դատավորներից ազատվելու մշտական գործիք է, դատարանների նկատմամբ հանրային վստահություն  վերականգնելու գործիք է, իսկ  դատական իշխանությունը չունի այդ կամքը՝ ներսում ազատվելու նման դատավորներից»,-նշում է Սաքունցը։

Ընդ որում, ըստ իրավապաշտպանի, ի վերջո ԲԴԽ-ն է որոշում կայացնելու, իսկ եթե ԲԴԽ-ն ակնհայտ հիմնավորումների առկայության պարագայում  էլ որոշում չկայացնի, ապա ԲԴԽ-ի հարցն էլ կբարձրանա։

Թե ինչ տեսակի պատասխանատվություն է կրելու դատավորը, իրավապաշտպանն ասում է՝ շատ տարբեր, առաջինը՝ դատավորին պաշտոնից հեռացնելը, նրա՝  անհամատեղելիությունը դատավորի պաշտոնի հետ․«Եթե դատավորի որոշումը  ունեցել է ծանր հետեւանք, ապա սա այլ պատասխանատվություն է ենթադրում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031