Պաշտոնական Բաքուն պատրաստ է ձեռնարկել կոնկրետ քայլեր խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, եթե դրան իսկապես պատրաստ է Հայաստանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարության:
«Եթե հայկական կողմը դիտարկում է խաղաղության պայմանագրի հարցը ոչ որպես հանրությանը տեղեկացնելու ակցիա, այլ լուրջ քայլ, ապա ժամանակն է ձեռնարկել կոնկրետ քայլեր: Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունում նշել են, որ Բաքուն դեռ մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով հանդես է եկել նման առաջարկով, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրել է հստակ սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն այդ համաձայնագրի հիմքում:
Բաքուն իր հայտարարության մեջ հերթական անգամ մեղադրել է Հայաստանին, թե Արցախում էսկալացիայի պատճառը Հայաստանի՝ իր պարտավորությունները չկատարելն է: «Հենց Հայաստանի կողմից եռակողմ հռչակագրի դրույթների խախտումն է, որ ուժեղացնում է լարվածությունը տարածաշրջանում և խաթարում է խաղաղության հաստատման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է զսպման միջազգային մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, որ դրա լավագույն միջոցը միջազգային իրավունքն է: Ըստ հայտարարության տեքստի, այնպիսի պետություն, ինչպիսին Հայաստանն է, որը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին:
«Եթե Հայաստանի ԱԽ անդամները մինչ այժմ չգիտեն՝ որն է լավագույն միջազգային զսպման մեխանիզմը, մենք կրկին հիշեցնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում պետությունների միջազգայնորեն ընդունված սահմանների և ինքնիշխանության նկատմամբ հարգանք, ներքին գործերին միջամտության բացակայություն և միջազգային պարտավորությունների պահպանումում»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ