Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը քննարկել են Երեխաների իրավունքների պաշտպանությանը ուղղված մի շարք հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտպանը ողջունել է միջազգային գործընկերներին ՄԻՊ աշխատակազմում և ընդգծել, որ հանդիպումը լավ առիթ է Պաշտպանի մանդատի ներքո համատեղ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության համատեղ առաջնահերթությունները:
Կարդացեք նաև
Քրիստինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության նախկին փորձը Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում, միաժամանակ, ընդգծելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԻՊ աշխատակազմի միջև սերտ համագործակցության փորձը ևս:
Օրակարգային հարցերի շրջանակում կողմերը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանին կից Երիտասարդական խորհրդի ստեղծման նպատակադրմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային կարողությունների հզորացման, ինչպես նաև տեղեկատվական հարթակի զարգացման հնարավորությունները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության իրազեկվածության բարձրացմանը միտված գործիքի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների և սոցիալական աշխատողների համատեղ վերապատրաստումներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված կրթական ծրագրերի վաղ տարիքում ներդրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը:
Երեխաների իրավունքների պաշտպանության մշտադիտարկման ազգային մեխանիզմների բարելավման համատեքստում Պաշտպանը նշել է, որ ազգային տարբեր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում գնահատման և մշտադիտարկման մեխանիզմները շարունակում են մնալ անկատար, և որպես մարդու իրավունքների պաշտպան՝ հետամուտ է լինելու ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացվող կարծիքներում և առաջարկներում գնահատման ու մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը հնարավորություն կտա նաև ՄԻՊ աշխատակազմին առավել արդյունավետ գործելու որպես մոնիտորինգային մարմին:
Քրիստինե Վայգանդն անդրադառնալով Պաշտպանի հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկարամյա համագործակցության փորձին՝ ընդգծել է, որ այն ամենահաջողվածներից է աշխարհում և ՄԻՊ աշխատակազմի կարողությունների հետագա զարգացման գործընթացում առավել իմաստալից ներգրավվածության պատրաստակամություն է հայտնել:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համատեղ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
ՄԻՊ հանրային կապերի բաժին