«Ընտրություն է եղել, վերջացել, վերահաշվարկը ո՞րն է: Նենց չի, որ եսիմ ինչեր են ներսում կատարվել, որ վերահաշվարկի համար դիմեինք: Դրա իմաստը չկար»,- Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չդիմեցիք ձայների վերահաշվարկի համար, այսպես պատասխանեց «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը (լուսանկարում):
Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 23378 ընտրող, որը կազմում է ընտրողների 63 տոկոսը:
Սպարտակ Թաթիկյանին հարցրինք՝ այսինքն՝ համաձա՞յն եք ընտրությունների արդյունքների հետ, նա պատասխանեց. «Իհարկե, համաձայն եմ: Քվեաթերթիկը, որ մտել է քվեատուփ, ես դրա հետ համաձայն եմ: Դրսում, թե ինչ է կատարվել, դա ուրիշ խնդիր է: Բայց ինչ ընտրողը ընտրել է, ես դրա հետ համաձայն եմ»:
Հետաքրքրվեցինք՝ դրսում կատարվածին ի՞նչ գնահատական կտա, Սպարտակ Թարթիկյանը պատասխանեց. «Մենք պայքարում էինք պետական ողջ ապարատի դեմ, պետական ողջ ապարատը պայքարում էր իմ դեմ: Վարչական ռեսուրսը, ֆինանսական ահռելի միջոցներ օգտագործվեցին իրենց հաղթանակի համար»:
Կարդացեք նաև
Սպարտակ Թարթիկյանին տեղեկացրինք՝ ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ, այս առիթով նա ասաց. «ԿԸՀ-ն ինձ զանգել է, օրենքն է պարտադրել, որ պատահականության սկզբունքով երեք ընտրատեղամասերում վերահաշվարկ անեն: Նույնիսկ ինձ ասացին, թող ձեր ներկայացուցիչը գա, ես հրաժարվեցի»:
Հարցրինք՝ որո՞նք են Ձեր հետագա քայլերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչպես միշտ պայքարելու ենք մեր համայնքի զարգացման, հզորացման, շենացման համար ինչ ձևով հնարավոր է»:
Սպարտակ Թարթիկյանը համագործակցությունը համայնքի նոր իշխանության հետ չբացառեց: Մեր հարցին ի պատասխան ասաց. «Մենք հո թշնամիներ չե՞նք, սա պայքար էր, անցավ, գնաց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ