«Այն, որ մենք ճգնաժամի մեջ ենք, բոլորին է հայտնի, պարզ է նաեւ, որ այն սովորական չէ, այլ՝ «մատրյոշկա» ճգնաժամ է, որը դուրս է եկել սովորական պարամետրերի գործընթացից եւ գնալով սրվում է»,- ներկայացնելով ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի տնտեսական իրավիճակն, այսօր Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի ուղղության ղեկավար, ՌԳԱ տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեեւը:
Պատասխանելով հարցին՝ արեւմտյան պատժամիջոցներին որպես հակաքայլ՝ Ռուսաստանը հայտարարել է, որ մատակարարվող գազի դիմաց Արեւմուտքը պետք է վճարի ռուբլով, Ռուսաստանի այս քայլը որքանո՞վ կփոխի եվրոպական, համաշխարհային տնտեսությունը եւ ԵԱՏՄ երկրների տնտեսություններին ի՞նչ կտա, Ալեքսանդր Ագեեւն ասաց, որ հիմա բանակցություններ են ընթանում եւ լուծումը կլինի փոխզիջումային, քանի որ որեւէ կողմի համար ընդունելի չէ վերջնագրի լեզվով խոսելը, հատկապես՝ Ռուսաստանի. «Բացի այդ, ամեն երկիր լավ հասկանում է փոխկապակցվածությունը: Այսօր Ռուսաստանի էներգակիրների գլխավոր սպառողը Եվրոպան է, որն ընդհանուր առմամբ, կազմում է 35 տոկոս, իսկ առանձին երկրների դեպքում հասնում է մինչեւ 90 տոկոս: Հարց է՝ ո՞վ կարող է կարճ ժամկետում փոխարինել Ռուսաստանին: Համաշխարհային տնտեսությունում այսպիսի արտադրողներ պրակտիկորեն չկան, ճիշտ է՝ Քաթարը, Իրանը, պատժամիջոցները հանելու դեպքում եւ ԱՄՆ-ն, հեղուկ գազի 5-10 տոկոս կարող են մատակարարել, բայց ոչ ավելին»:
Ալեքսանդր Ագեեւի խոսքով, Եվրոպայում էներգակիրների ճգնաժամը որոշ ժամանակով կարող է մեղմվել՝ պահուստավորված գազով ու նավթով, բայց մոտալուտ ձմեռն այդ իրավիճակը կսրի. «Այո ռազմավարական տեսանկյունից կարող են հրաժարվել էներգակիրներից, բայց դա լավագույն դեպքում կարող են անել մի քանի տարվա ընթացքում»:
Տնտեսագետի հաշվարկներով, հրաժարվելու դեպքում Ռուսաստանի՝ դեպի Եվրոպա նավթի արտահանման ծավալը կնվազի 60 միլիոն տոննայով, ինչն էական վնաս չի պատճառի Ռուսաստանին:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, առայժմ նավթի եւ գազի արտահանման արգելք չկա, առավել եւս՝ միջուկային վառելիքի, հիմա հացը գինն է եւ, թե ինչ արժույթով կվճարեն:
Ըստ Ալեքսանդր Ագեեւի, Ռուսաստանը Եվրոպա է արտահանում նավթ, գազ, ուրան ածուխ:
Մինսկի լրագրողը հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի նաեւ ԵԱՏՄ այն երկրների դեմ, որոնց միջոցով ապրանքները արտահանվել կամ ներկրվել են համաշխարհային շուկա:
«Մենք տեսնում ենք՝ չինական ընկերությունների հասցեին հնչող սպառնալիքները, որոնք փորձում են լուծումներ գտնել իրենց ապրանքները արտահանելու պատժամիջոցների տակ ընկած երկրներ, այդ պատճառով մեծ հավանականությամբ պետք է սպասել, որ այդպիսի գործողություններ կձեռնարկվեն»,-ի պատասխան, ասաց Ալեքսանդր Ագեեւը:
Տեսակամուրջի ժամանակ Ղրղըզստանի լրագրողն էլ հարցրեց՝ պե՞տք է արդյոք ԵԱՏՄ երկրներն անցնեն մեկ ընդհանուր արժույթի, որքանով է դա իրական եւ ինչքանով պետք է արագացնել այդ գործընթացը:
Տնտեսագետն ասաց, որ միասնական արժույթին անցնելը կախված է ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների հոսքերի ծավալներից, ինչը հիմա միության ներսում բավարար չափով չէ: Երբ դրանք կաճեն, այդպիսի գործիք կստեղծվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ