«Երբ ասում են, թե ռուս խաղաղապահների գործունեությունը պետք է քննության առնվի, բա ձե՞ր դավաճանական անգործությունն ով պետք է քննի։ Եթե պատրաստ չես հողդ պաշտպանել, ռուսական կողմից ի՞նչ ես ուզում»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դատապարտելով հակառուսական տրամադրություններ ստեղծող հայտարարությունները։
Նրա խոսքով՝ ռուսական վերլուծական շրջանակներից էլ ակնարկներ են գալիս, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը գուցե պայմանավորվել են, եւ Արցախում Քարագլուխ բարձունքի հնարավոր հանձնումը պայմանավորվածության արդյունք է։
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ այս իրավիճակում ՀՀ իշխանությունը մուննաթ է գալիս խաղաղապահների վրա եւ իրավիճակը փորձում գցել նրանց գրպանը․ «Հասկանալի է, որ կա Ուկրաինայի խնդիր, բայց եթե ռուս խաղաղապահը ոտքը քաշի, րոպեների ընթացքում թուրքը վերցնելու է Քարագլուխը եւ սկսվելու է Ստեփանակերտի հայաթափումը։ Հակառուսական տրամադրություններ տարածողները սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց թիկունքին կանգնած գլոբալիստների շահերը։ Ադրբեջանը մեկ քայլ անգամ չի գնում ելման դիրքեր»։
Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ պետք չէ սպասել, թե այս իրավիճակում միջազգային հանրությունը մեզ կօգնի, որովհետեւ վերջինս մեծապես թքած ունի մեր, Արցախի հումանիտար ճգնաժամի վրա։ Ապա Նաիրա Զոհրաբյանը ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին առաջարկեց պաշտոնավարման ավարտից հետո անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին», որովհետեւ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանին տեսնելիս խոնարհվում է, աչք փակում ՀՀ-ում եւ Արցախում կատարվողի վրա, կեղծ ժողովրդավարություն դրսեւորում, երբ Արցախում մարդիկ են զոհվում։ Նաիրա Զոհրաբյանը նաեւ շեշտեց՝ ո՞ւր է նախագահ Վահագն Խաչատրյանը, ինչո՞ւ որեւէ բան չի ասում իրավիճակի հետ կապված։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ