Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պետք է հրավիրվի ԱԳՆ. անգամ չէ, որ փորձ է արել միջամտել մեր ներքին գործերին». Գրիգոր Բալասանյան

Մարտ 29,2022 16:55

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն աղետ է համարում, քանի որ Ուկրաինան եւ Հայաստանն ամեն ինչից զատ՝ նաեւ ընդհանուր անցյալ ունեն: Բայց միաժամանակ, նա նկատում է, որ ժամանակակից միջազգային հարաբերությունները միշտ առաջնորդվել են մի քանի սկզբունքներով, դրանցից մեկն էլ այն է, պետությունները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Իր կարծիքը քաղաքագետը բարձրաձայնեց այսօր «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Քաղաքագետը մանրամասնում է, որ Ուկրաինայում այսօր տեղի ունեցողը 1997 թվականին, Փարիզում ստորագրված փաստաթղթի խախտումն է ՆԱՏՕ-ի կողմից եւ Ռուսաստանն արդեն իսկ մատնանշել է, որ խախտվում են կարմիր գծեր. «Այդ պայմանագիրը կանխորոշում էր ՌԴ-ՆԱՏՕ հետագա հարաբերությունների ընթացքը, վարքականոններ էր սահմանում, որոնք չպետք է խախտվեն: Բայց խախտվեցին»:

Բանախոսը բնական է համարում, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ստեղծված իրավիճակը չի շրջանցում նաեւ Հայաստանին. «Այն սպառնալիքները, որ հնչում են ՀՀ-ի հասցեին, այդ թվում եւ ԵԱՏՄ-ին անդամակցելու առումով, մտահոգիչ են եւ արտաքին քաղաքականության պատասխանատուները դրան պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերեն: Օրինակ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը պետք է հրավիրվի ԱԳՆ, քանի որ մեկ անգամ չէ, որ փորձ է արել միջամտել մեր ներքին գործերին»:

Քաղաքագետը նաեւ վստահ է, որ Արցախում հենց Թուրքիայի հրահանգով է հրահրված վերջին սադրանքը Քարագլխի շուրջ, որպեսզի Թուրքիայում ռուսական կողմը գնա զիջումների եւ մեղմացնի ուկրաինական կողմին ներկայացվող վերջնագիրը, քանի որ այսօր Ստամբուլում ընթանում են ռուս-ուկրաինական բանակցությունները. «Անկարան ոչ միայն չի թաքցնում, որ ունի պրոուկրաինական նկրտումներ, զենք է վաճառում Կիեւին, այլեւ լավ օգտագործում է դա՝ իր շահերն առաջ մղելու համար: ՀՀ-ն պետք է լավ ուսումնասիրի թշնամու քաղաքականությունը եւ գուցե նաեւ կիրառի այս խորամանկության ու դիվանագիտության սինթեզ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031