Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որպեսզի կանխի նոր պատերազմը». Արամ Սաֆարյան

Մարտ 29,2022 16:12

«Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որպեսզի կանխի նոր պատերազմը: Այն պատերազմը, որը կհրահրվի հիմա, իր չափերով ավելի մեծ կլինի, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Սա հասկանալու համար պետք է պատասխանենք հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք երկրի ներսում ունենալ կոնսոլիդացիա»,- այսօր «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ այս հարցերը հնչեցրեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Անդրադառնալով անցած 30 տարիներին, Արամ Սաֆարյանը նկատեց, որ այսօր իրավիճակ է փոխվել եւ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները դիտարկվում են հիմնականում որպես հակամարտություն ՌԴ-Արևմուտքի միջեւ: Արամ Սաֆարյանը գտնում է, որ 1994 թ-ից հետո գործնականում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ արեւմտյան պաշտոնյաները բարձրաձայնում են, որ երկու գերտերությունների միջեւ հնարավոր է բախում եւ խաղաղության փնտրտուքը բարդ է:

Նրա գնահատմամբ, աշխարհում տեղի ունեցողը, որը առավել առարկայական դրսեւորում է ունեցել ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում, «հականացիստական, հակամիլիտարիստական գործընթաց է», որի նպատակը ֆաշիզմը վերացնելն է: Բանախոսը համոզված է՝ պետք է իրական գնահատական տրվի այս երեւույթին եւ այնպես, որ այն հնարավորություն տա հետագայում կանխել իրավիճակի վատթարացումը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր զարգացումներին, Արամ Սաֆարյանը նկատեց, թե այստեղ իրավիճակի վատթարացումը ուղղակիորեն նշանակում է, որ ՌԴ դեմ ակտիվացել է պայքարը գրեթե բոլոր ճակատներով, ինչը հասկանում են նաեւ «հայաստանյան ռուսաֆոբ ուժերը»: Բանախոսի գնահատմամբ, նրանք նաեւ հասկանում են, որ լարվածության մեծացումը խոսում է այն մասին, որ ՌԴ-Արեւմուտք գործընթացներում իրականացվում է «ՌԴ դեմ ռեզերվային ռազմաճակատ ստեղծելու խնդիրը՝ Արցախում»:

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին էլ, Արամ Սաֆարյանն ասաց. «Նրանց հետաքրքիր է այս հակամարտությունն այնքանով, որքանով այն կարող է թուլացնել Ռուսաստանը: Եվ անհանգստանում եմ, որովհետեւ Ռուսաստանն է այն միակ կառուցողական ուժը, որը կարող է ազդել ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, որը կարող է կանխել նոր պատերազմը: Եվ եթե ՌԴ-ն չլինի, ո՞վ է կանխելու այդ պատերազմը, եթե ՌԴ-ն չի լինելու, արդյո՞ք Հայաստանի շահերը երաշխավորող է լինելու, եթե մի կողմում լինենք միայն մենք, իսկ մյուս կողմում՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Այս հարցին պատասխան պետք է տան քաղաքական դաշտի ակտորները, որոնք էլ որոշելու են այն արտաքին քաղաքական կուրսը, որը պետք է տանի քայքայման նվազեցմանն ու մեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում»:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադառնալով վերջերս Ղազախստանում կատարվածին, ըստ Արամ Սաֆարյանի համար այդտեղ եւս ակնհայտ է Արեւմուտքի ձեռքը: Հետխորհրդային որեւէ պետությունում նա չի բացառում համանման զարգացումները:

Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը, հնարավո՞ր է ներքաղաքական հաշտություն եւ համերաշխություն. Արամ Սաֆարյանը նկատում է, որ ՀՀ ներքաղաքական կյանքում մի իրավիճակ է ձեւավորվել, որը թուլացնում է երկրի դիմադրողականությունը արտաքին դաշտում. «Պարտավոր ենք մեր հորդորը հղել քաղաքական դաշտի գործիչներին՝ կոչ անելով առավելագույն զսպվածություն դրսեւորել՝ դեպի քաղաքական ընդդիմախոսներն ու հակառակորդները, լավ հասկանալով, որ հակառակը կարող է տանել վերջնական քայքայման: Բացի այդ, ՀՀ-ն պետք է հաստատի ու հստակեցնի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հնարավորինս կանխի ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձերը: Պետք է ճկուն դիվանագիտություն դրսեւորենք, որպեսզի կանխենք մեր հակառակորդների գործողությունները»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031