Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից 5 է պակաս․ զարտուղի կածաններով ադրբեջանական զինուժն ամրանում է Քարագլխի դիրքերում»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 29,2022 15:59

«Վիճակը ծայրահեղ ծանր է։ Պաշտոնական տեղեկատվությունը, ցավոք, մեծամասամբ խեղաթյուրված է եւ չի արտացոլում Արցախում առկա իրական պատկերը։ Զարհուրելի է, երբ մենք փորձում ենք տեղեկություն ստանալ ՌԴ եւ Ադրբեջանի ՊՆ-ներից»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա հարցադրում արեց՝ ՌԴ եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունների ֆոնին ո՞ւր է ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նախարարը․ «Նա զբաղված էր Վեդիում ընտրություններ կազմակերպելով՝ մի երկրի նախարար, որն Արցախի անվտանգության երաշխավոր երկրի պաշտոնյա է։ Նա այսօր Արցախում պետք է լիներ, ոչ թե մեկ Շոյգուն խոսեր, մեկ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ Զաքիր Հասանովը։ Արցախում իրականում կատարվում է հետեւյալը․ այո, Փառուխը ռուսական ուժերի վերահսկողության ներքո է, բայց Փառուխն ադրբեջանցիների համար զրո նշանակություն ունի․ նրանք մինչեւ խաղաղապահների՝ Փառուխում ամբողջական տեղակայումը հասցրել են ճանապարհներ, կածաններ բացել դեպի Քարագլուխ բարձունք, որը ռազմավարական է»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով․ «Հենց այս պահին կածաններով տեղափոխում են մեքենաներ։ Խաղաղապահները փորձել են արգելակել, որպեսզի Փառուխի միջով տեխնիկայի տեղաշարժ չլինի, բայց զարտուղի՝ Փառուխի կողքերով բացած ճանապարհներով տեղափոխում են։ Իրականությունից չպետք է փախնել։ Զարտուղի կածաններով ադրբեջանական զինուժն ամրանում է Քարագլխի դիրքերում։ Քարագլխի հանձնումը կնշանակի, որ Ստեփանակերտի օդանավակայանը, Իվանյանը, Ասկերանը լինելու են վերահսկողության ներքո»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն է ՀՀ-ին պարտադրում խաղաղության պայմանագիր, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում․ «Այլապես գոնե մեկ նախադասություն կլսեինք Արցախի կարգավիճակի մասին։ Մեծ է նոր պատերազմի վտանգը։ Փարիսեցիություն անողները պնդում են, թե խուճապ տարածել պետք չի։ Այդպիսիք պատերազմի ժամանակ ձայնային հաղորդագրություններ էին տարածում, թե Գետաշենը վերցրել ենք։ Պատերազմից 5 է պակաս։ Ադրբեջանը հրաժարվելու է վերադառնալ ելման կետ, ենթադրում եմ, իսկ դա նշանակում է նոր էսկալացիա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031