ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։
Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։
Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։
Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր։
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»