Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհիմն պահանջներով ոստիկանները խոչընդոտել են խաղաղ հավաքների անցկացման իրավունքը. ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Մարտ 29,2022 15:22

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2022 թ․ մարտի 25-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում օտարերկրյա քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների հիման վրա։

Հավաքի մասնակիցները «NOT WAR», «НЕТ путинской ВОЙНЕ» և նմանատիպ գրառումներով պաստառներով իրենց դժգոհությունն էին արտահայտում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմի նկատմամբ, քանի որ դրա արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։

Ինչպես երևում է տեսանյութից, հավաքի մասնակիցներին են մոտենում ՀՀ ոստիկանության աշխատակիցները և պահանջում ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր, պահանջում լքել տարածքը և սպառնում, որ հակառակ դեպքում բոլորին բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Այս անհարկի միջամտությամբ և անհիմն պահանջներով ոստիկանները խոչընդոտել են նրանց խաղաղ հավաքների անցկացման իրավունքը։ Ավելին՝ ԱԱԾ աշխատակիցը ապօրինաբար պահանջում է հավաքի մասնակիցներից մեկի անձնագիրը, լուսանկարում այն և սպառնում անձը բացահայտելուց հետո այդ տվյալները փոխանցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի այնտեղ իմանան, թե ինչով են զբաղված իրենց քաղաքացիները ՀՀ-ում։ Իսկ ոստիկանության աշխատակիցները ակնհայտ սուտ տեղեկատվություն են ներկայացնում, թե օտարերկրացիները ՀՀ-ում հավաք անցկացնելու իրավունք չունեն։

Ոստիկանները իրենց այս գործողություններով փաստացի խոչընդոտում էին նաև, որ անցորդները տեսնեն, թե ինչ է գրված պաստառներին։

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ ՀՔԱՎ-ը պահանջել է միջոցներ ձեռնարկել այս փաստերի շուրջ քննություն իրականացնելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031