Ուկրաինայի Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ողջունեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորումները Փառուխում, ասելով, որ այլ երկրների տարածքում ռուսական շահերի գոտում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, նոր ճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային պայքարել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ:
Aravot.am-ը «Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանից, որը Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումից հետո, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում գրել էր. «Ուկրաինայում է որոշվում ոչ միայն այն, թե նոր աշխարհակարգը կլինի կայսրությունների եւ գաղութների, թե ժողովրդավարության, միջազգային իրավունքի եւ մարդու ու ժողովուրդների իրավունքների աշխարհակարգ, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխանության հարցը», հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ուկրաինացի նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչող այս կոչը:
«Որոշ ուկրաինացիներ այժմ դիտարկում են ցանկացած խժդժության հնարավորություն Ռուսաստանի շուրջ՝ իրենց ուղղված ռուսական ագրեսիայի հարվածը մեղմելու հույսով, որը, ես կարծում եմ՝ վտանգավոր է եւ վնասակար բոլորի, այդ թվում՝ Ուկրաինայի համար»,- պատասխանեց Հովսեփ Խուրշուդյանը:
Հարցին՝ պաշտոնական Երեւանը որեւէ կերպ պե՞տք է դիրքորոշում արտահայտի այս առիթով, ասենք, Հայաստանի ԱԱԽ քարտուղարի մակարդակով: Ո՞րը պետք է լինի այդ դիրքորոշումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ Անվտանգության խորհուրդը պետք է արձագանքի այս ելույթին եւ իր բողոքը հայտնի նոր պատերազմ սանձազերծելուն ուղղված՝ Ուկրաինայի պաշտոնյայի այս «վերլուծությանը»: Նա նաեւ հավելեց՝ «ծանոթանալով Դանիլովի արտաբերած տեքստին, կարելի է նկատել, որ սա ոչ ողջունում է, ոչ էլ կոչ, այլ վերլուծություն, կարծիք»:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանն առաջիններից մեկն էր, գուցե առաջինն, որն Արցախում վերջին սրացումների ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է բերել Արցախի սահմանագծում տեղակայված խաղաղապահ զորամիավորումների մի մասը՝ դրանք ուղղելով Ուկրաինա: Ի դեպ, Ուկրաինայի ռադայի հաղորդած համանման տեղեկությունը հերքվեց՝ տարբեր աղբյուրներով: Մեր զրուցակցին խնդրեցինք մանրամասնել՝ որտեղի՞ց է Արցախից ռուսական խաղաղապահ զորքի դուրսբերման մասին իր տեղեկությունը:
«Ես օգտվել եմ տարբեր բաց աղբյուրներից, որոնք օրեր շարունակ հրապարակայնորեն պնդում էին նման տեղաշարժի մասին, դեռ մինչեւ Փառուխի դեպքը, եւ որեւէ պատկան մարմին չէր հերքում դա: Համենայնդեպս ես որեւէ նման հերքումից տեղյակ չեմ»,- պատասխանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ լրատվամիջոցները ավելի ճիշտ կանեն, որ դիմեն պարզաբանումների հարցմամբ սկզբնաղբյուրներին՝ ՌԴ «խաղաղապահ» առաքելությանը Արցախում կամ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ