«Ցավոք, խորհրդարանական ամբիոնին տիրեցին սուտը, գռեհկությունը, շակալությունը, որովհետեւ դասական հակահերոս Գագիկ Մելքոնյանը եղել է թիկունքի գծով տեղակալ եւ եթե կարողանում է ամբիոնից ազդել իր քայլերով եւ կիսագրագետ, սուպերինտելեկտուալ բառապաշարով ասել, թե հները թալանել են բանակը, ուրեմն այդ ամբիոնն ընդդիմությունը լավ չի օգտագործում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի՝ նախկինների ժամանակ բանակը թալանելու մասին հայտարարություններին։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Մելքոնյանին կանչել է իր մոտ ու ասել՝ «անկախ նրանից, որ 60-նն անց մարդ ես, ես քեզ նոր անձնագիր եմ տալիս, դու նոր ես ծնվել՝ 2018թ․-ին, ու մոռացի, որ դու թալանել ես, որ ողջ լրատվադաշտը քո կերպարով էր խորհրդանշում, թե ինչպես են բանակը թալանել․․․մոռացի, եւ կգաս ամբիոնից կասես, որ բանակը դուք եք թալանել»։
Հիշեցնենք՝ Գագիկ Մելքոնյանն օրերս ասել էր, թե որոշներն իր հայտարարություններում իրենց կուսակիցներին են տեսել, դրա համար ծանր են տանում իր ասածները։
Ռուբեն Հակոբյանը, դառնալով ընդդիմության մասին իր գնահատականներին՝ կարծիք հայտնեց, որ իր ասածներից մի քիչ նեղվել են, բայց կամ պետք է արմատական ընդդիմություն դառնան, կամ հանձնեն մանդատները․ «Բայց ես գտնում եմ, որ մանդատները պետք է պահեն՝ արմատապես փոխելով իրենց կեցվածքը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ