«Վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր քրեական գործերը, որոնք տարբեր տարիների հանգուցալուծում չէին ստացել: Առաջին երեք գործերը, որոնք ուսումնասիրվեցին եւ ավարտվեցին, դրանք Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի եւ Արթուր Ղազարյանի գործերն էին: Եզրակացությունը ներկայացվել է վարչապետին եւ ուղարկվել վարույթ իրականացնող մարմիններին: Տիգրան Օհանջանյանի դեպքում շուտով մեկ տարին կլրանա, Վալերի Մուրադյանի դեպքում աշնանն ենք ավարտել գործը, իսկ Արթուր Ղազարյանի դեպքում դեկտեմբերին է ավարտվել»,- «Մեդիա կենտրոնում» կայացած` «Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը՝ առկախված» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով. «Կարող ենք արձանագրել, որ առարկայական ոչ մի արդյունք չունենք նոր քննության ընթացքում: Կարող եմ ասել նաեւ հետեւյալը` այդ գործերը, որոնք աշխատանքային խումբն ուսումնասիրության ենթարկեց հատկապես իրավահաջորդների համար, 10-15 տարվա վաղեմություն ունեն: Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ ունենք անդառնալիորեն այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չէ օբյեկտիվորեն վեր հանել ենթադրյալ հանցանքը գործած անձանց կամ այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան ճշմարտությունը բացահայտել ու դրա մասին հայտնել իրավահաջորդին:
Առնվազն չունենք դեպքի վայր, եթե օրինակ, Արթուր Ղազարյանի դեպքում ընդհանրապես դեպքի վայր չի եղել քրեական գործով, հատկապես որ դեպքի վայրը Հադրութի մարտական հենակետերն էին, Վալերի Մուրադյանի դեպքում դեպքի վայրը, որտեղ եղել եմ պատերազմից հետո, ընդամենը թշնամու կողմից հրետակոծված մի վայր է: Տիգրան Օհանջանյանի դեպքում դեպքի վայրը չի պահպանվել դեպքից ժամեր հետո…Այսինքն`ունենք իրավիճակ, երբ քննությունն օբյեկտիվորեն չի կարող ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտել եւ ծնողներին ներկայացնել»:
Արայիկ Պապիկյանն ընդգծեց, որ չի պահպանվել նաեւ փաստաթղթային արխիվը, ճիշտ չի կատարվել իրավահաջորդների հետ աշխատանքը: Ըստ նրա, պետությունը չի կարող հաստատապես ապացուցել այն պաշտոնական վարկածը, որ դա եղել է ինքնասպանության կամ դժբախտ պատահար:
Կարդացեք նաև
«Ես տեղեկություններ չունեմ նաեւ մոնիտորինգային խմբի կատարած աշխատանքներից, իսկ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, այլ ընդամենը խորհրդատվական բնույթի մարմին, որն ուսումնասիրություններ է կատարել եւ արդյունքները ներկայացրել ծնողներին, իրավահաջորդներին ու վարչապետին: Դրա հետագա ընթացքը լուծելու հարցն արդեն աշխատանքային խումբը չի կարող որոշել: Բացի այդ չունի այդպիսի իրավասություն»,-ասաց փաստաբանը:
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով. «Ինձ համար թիվ խնդիրն այն է` արդյոք պատահականությո՞ւն է, որ չկան դեպքի վայրերը: Արդյոք պատահականությո՞ւն է, որ տարիներ շարունակ գործերը քննվել են տարբեր մարմիններում, եւ ունեցել են վերահսկողություն իրականացնող դատախազներ, սակայն որեւէ դատախազ որեւէ քննիչի չի ասել, թե անհրաժեշտություն կա ավելի բազմակողմանի այս գործը քննելու, բազմաթիվ ապացույցներ հավաքելու համար: Ինչո՞վ են զբաղված եղել այս բոլոր մարմինները: Ես կարող եմ վստահաբար ասել` զբաղված են եղել գործերի կոծկմամբ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ