Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես վախկոտ եմ, ներողություն եմ խնդրում, որ վախկոտ եմ, իրենք քաջ են, հզոր են՝ թող բարձրացնեն». Աղազարյանը պատրաստ է թիմին համոզել գնալ արտահերթ ընտրության

Մարտ 29,2022 13:54

Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ 1992-ին դուք ընդդիմություն եք եղել Գերագույն խորհրդում եւ կողմ եք եղել, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը ընդունվի, հիմա գրեթե նույնպիսի վիճակ է, հումանիտար աղետ է Արցախում, ձեզ ասում են՝ ընդունեք այդ որոշումը, ասում եք՝ չէ, ո՞նց հասկանանք այս հակասությունը:

Աղազարյանը պատասխանեց. «Ընդդիմությունը պետք է անկեղծ լինի ու պետք է այսօր գա խորհրդարան ու հարց բարձրացնի ու ասի՝ մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը: Թող այդ հարցադրումով գան ԱԺ, ես ինքս, որպես իշխող կուսակցության թիմի ներկայացուցիչ, իմ գիծը կորդեգրեմ, որ փաստորեն մենք նորից գտնվում ենք պառլամենտական ճգնաժամի առաջ, եկեք գնանք ընտրության, ժողովրդին ներկայանանք մեր ծրագրերով, Արցախի հարցի լուծման մեր տեսլականով եւ ժողովուրդը թող ընտրի այն ուժերին, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը: Ինչո՞ւ ես այսօր պատրաստ չեմ ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ եթե այսօր ես դա անեմ, նշանակում է՝ ես դուռ եմ շրխկացնում միջազգային կազմակերպությունների առաջ եւ բանակցային գործընթացի վրա խաչ եմ քաշում, այս խնդիրը կա»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն այլ կերպ է մեկնաբանում, ասում են՝ վախենում եք Ադրբեջանից՝ Աղազարյանը պատասխանեց. «Իրենք չե՞ն վախենում, թող այդ հարցը բարձրացնեն: Հիմա ես վախկոտ եմ, ներողություն եմ խնդրում, որ ես վախկոտ եմ, իրենք քաջ են, հզոր են, ուժեղ են՝ թող բարձրացնեն, ես վերջին վարիանտ, վերջին տարբերակ կարամ որպես զինվոր ծառայել իրենց այդ գաղափարի իրականացմանը: Իրենք քաջ են, թող այդ ձեւով խոսեն: Գնացին ընտրությունների, ինչի՞չասեցին, որ չեղարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրությունը: Չասեցին: Հիմա էլ ա՞յդ խնդիրն են բարձրացնում, ուրեմն թող հարցը դնեն շրջանառության մեջ, ես կխնդրեմ, կփորձեմ համոզել մեր թիմակիցներին, ինչքան ուժերս թույլ են տալիս, որ մենք գնանք արտահերթ ընտրությունների: Հակառակ դեպքում ուժեղի եւ քաջի հարցը ո՞նց է որոշվում»:

Հարցին՝ դուք ընդդիմությանը ոչ մի լծակ չեք թողել, ոչ մի նախագիծ չեք ընդունում, ձեզ ասում են՝ այդքան դուխ ունեցեք, եթե հպարտ քաղաքացիներ եք, ասեք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այդ մի նախադասությունը, որը չի հնչում ձեր շուրթերից՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես դրան մոտիկ միտք արտահայտեմ, դուք ասեք՝ բավարա՞ր է, թե՞ բավարար չի: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրականացվի Արցախի ժողովրդի՝ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը: Բավարա՞ր է այդ պատասխանը: Ես ամեն ինչ արել եմ եւ հիմա էլ ամեն ինչ անելու եմ: Եթե ես ազնիվ չեմ իմ մտքերի մեջ, խնդրում եմ բացահայտեք իմ անազնվությունը եւ ինձ գամեք անարգանքի սյունին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031