Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 27-ին զանգահարել է Լուսառատ գյուղի թիվ 13/19 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող տեսուչ Դավիթ Միսակյանը և հայտնել, որ իրեն է մոտեցել լրագրող և հայտնել, որ մոտեցել է քաղաքացուց հարցազրույց վերցնելու, սակայն վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել:
Լրագրող Ա. Բ-ն ոստիկանությանը բանավոր հաղորդում է տվել, որ ժ.10.15-ի սահմաններում նշված ընտրատեղամասի հարևանությամբ հարցազրույց իրականացնելու ժամանակ անհայտ քաղաքացին դիտողություն է կատարել իրեն նկարելու համար, որից հետո իր ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչն իր համար եղել է վիրավորական:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացին Ս. Ա.-ն «Խոսրովի պետական արգելոց» ՊՈԱԿ-ում հսկիչ է, որը բերման է ենթարկվել բաժին:
Նշենք, որ NEWS.am–ը մարտի 27–ին հաղորդել էր, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ գյուղի ընտրատեղամասի մոտ միջադեպ է գրանցվել:
Կարդացեք նաև
Լրատվամիջոցի տեսախցիկն արձանագրել էր, որ անմիջապես ընտրատեղամասի մոտ մեծաքանակ կուտակումներ կան: Բացի այդ, ընտրատեղամասից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում ՔՊ նախընտրական շտաբը:
Թղթակցի վարած հարցազրույցի ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել էր խոչընդոտել, որից հետո հարցին՝ ինչու են այսքան մոտ կանգնած ընտրատեղամասին, արձագանքել էին, որ եթե իրենք օրենք են խախտել եւ ընտրատեղամասին մոտ են կանգնել, ապա ավելի հեռու կկանգնեն․ «Հարցին, թե ինչու մինչեւ այդ ավելի հեռու չէին կանգնում, հավաքվածներից ՔՊ-ի կողմից ուղղորդված մի երիտասարդ, NEWS.am-ի տեսախցիկի առաջ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին: Դրանից հետո մեր թղթակիցը փորձեց ոստիկանության աշխատակցից պարզաբանում ստանալ, թե ինչու են թույլատրում կուտակումները ընտրատեղամասի մոտ, ոստիկանության աշխատողը պատասխանեց, որ ինքը զեկուցել է իր վերադասին եւ քիչ անց տեղում կլինեն ոստիկանական ուժեր, որոնք կկարգավորեն խնդիրը: Մոտ 5 րոպե անց ժամանեցին ոստիկաններ, որոնք ապահովեցին ընտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա գտնվելու պահանջը եւ հայհոյող երիտասարդին բերման ենթարկեցին Արարատի ոստիկանության բաժին»։