ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ու ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան այցելել են Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայր, հանդիպել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկում է ծավալվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված համայանքի միավորման հարցի շուրջ։
Բնակիչներից շատերն ընդգծել են, որ թեև սկզբնական շրջանում դեմ են եղել միավորմանը, սակայն ներկայումս ականատես են լինում համայնքում իրականացվող բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի, որը, չմիավորվելու պարագայում, բացառապես համայնքի բյուջեով անհնար կլիներ իրականացնել։
2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Արտաշատ համայնքի 16 նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում, նորոգում, այդ թվում՝ Դիմիտրովի մանկապարտեզի վերանորոգում։ Ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքը 1,326 մլրդ դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 928 մլն դրամ։
Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև Դիմիտրով բնակավայրի ոռոգման ջրի համակարգի կառուցում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ 82 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 49,2 մլն դրամ։
Կարդացեք նաև
Նախարարն ընդգծել է, որ մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահելու համայնքը, համայնքի խնդիրները։ Բացի սուբվենցիոն ծրագրերից, բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվելու համայնքում՝ և՛ համայնքային բյուջեի, և՛ պետական բյուջեի միջոցներով։
Բնակիչների հետ հանդիպումից հետո նախարարն ու մարզպետը շրջայց են կատարել Դիմիտրովում, ծանոթացել վերանորոգման ենթակա մանկապարտեզի շենքային պայմաններին։ Այցելել են նաև Դիմիտրովի հիմնական դպրոց։
Արարատի մարզպետարան