Լրահոս
Օրվա լրահոսը

Հետագա սրացումները նշանակելու են ռազմական գործողությունների վերաբացում մեր տարածաշրջանում, բայց այս անգամ նաեւ ռուսական կողմի անմիջական ներգրավմամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 29,2022 10:38

Եթե անգամ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հեռացած լինեին Փառուխից, միեւնույն է՝ ռազմավարական նշանակության բարձունքում նրանց տեղակայումը թույլ չի տալու շրջակա բնակավայրերում հայության խաղաղ եւ անվտանգ բնակեցումը։ Այդ բարձունքը կարեւոր նշանակություն ունի, քանի որ գերակա դիրք է զբաղեցնում նաեւ Ակնայի նկատմամբ։ Այսինքն՝ ռազմավարական նշանակության դիրքերի եւ բարձունքների գրավմամբ «Ադրբեջան» կոչվող ցեղասպան պետական միավորը ձգտում է կասեցնել մեր հայրենիքն ազատագրելու բոլոր ապագա փորձերը։ Նման գործելաոճը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի համար որեւէ նշանակություն չունեն իր իսկ ստորագրած փաստաթղթերը, դրանք գործիք են միայն մեզ զսպելու եւ հայկական հողում ավելի ամրապնդվելու համար։ Մարդկության պատմությունը, նաեւ մեր օրերում գրվող, վկայում է, որ իրական ուժը միմիայն նրա ձեռքին է, որի զինվորը կանգնած է այդ հողի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների միջոցով ադրբեջանական զինված ուժերն անգամ մեկ մետր չեն հեռանա Արցախից, եթե նրանց չստիպեն զենքով կամ ուժի ցուցադրմամբ։ Եթե «մարսեն» Փառուխը, ապա այլեւս ոչ մի բանի առջեւ չեն կանգնելու՝ մինչեւ Արցախի վերջնական հայաթափումը։

Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքները, եւ այսօրվանից՝ մարտի 29-ից, Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Նման հայտարարությունները «Արցախգազ»-ը բնորոշել է որպես կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն, որը նպատակ է հետապնդում օգտվելու ստեղծված բարդ իրավիճակից եւ տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու արցախահայությանն ու միջազգային հանրությանը։ «Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային «SOCAR» ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որեւէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է: Նշված հաղորդագրությունը եւս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց եւ օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- ասված է «Արցախգազի» տնօրինության տարածած հայտարարության մեջ։

Բնականաբար, այս ճանապարհով Ադրբեջանը խեղաթյուրում է իրողությունները, ապակողմնորոշում միջազգային հանրությանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամը ներկայացնելով իբրեւ իր ներքին խնդիր։ Իրականում Արցախի Հանրապետությունում գազամատակարարման վերականգնումը ինքնին որպես փաստ արմատապես տարբեր կարող է լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որ գազատարից է դա իրականացվելու։

Վիճակը նետված է։ Հետագա սրացումները նշանակելու են ռազմական գործողությունների վերաբացում մեր տարածաշրջանում, բայց այս անգամ նաեւ ռուսական կողմի անմիջական ներգրավմամբ։ Ի դեպ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ջանքերը չեն դադարում. Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը նման կոչով դիմել էր Վրաստանին եւ Մոլդովային։

Երկրորդ ճակատի բացման աշխատանքներով հետաքրքրված է նաեւ Թուրքիան։ Թեեւ Անկարան բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ սեփական տնտեսությունը չվնասելու եւ Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության բաց ալիք չթողնելու համար, սակայն թուրքը թուրք չէր լինի, եթե իրական մտադրությունները, խոսքն ու գործը համընկնեին։ Շաբաթ օրը Կատարի մայրաքաղաքում անցկացվող «Դոհա ֆորում» միջազգային համաժողովի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031